Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատաղձագործից կոշկակար. արհեստավորը օրվա կեսն է սոված լինում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
19

Կոշկակար Սամսոն Մեդոյանի եկամուտը, մարդկանց սոցիալական վիճակի վատանալուն զուգընթաց, չի ավելանում: Վարպետն ասում է՝ ճիշտ է, մարդիկ չեն կարողանում հաճախ նոր կոշիկ գնել, բայց հինը վերանորոգելու համար վճարել ևս դժվարանում են։ «Մի քիչ առաջ մի տղա էր եկել, կոշիկի կրունկը լրիվ մաշած էր, բայց քիթն էր բացվել։ Ասի՝ «մենակ քի՞թը սարքեմ»։ «Հա, մենակ քիթը սարքի,- ասում է,- կրունկը թող մնա»։ Հասկանալի է, որ էդ մարդը էն վիճակում չի, էլի»,- պատմում է կոշկակարը։ Սամսոն Մեդոյանի խոսքով՝ հիմա մարդկանց մեծ մասը գնում է չինական կոշիկներ, որոնք «մեկանգամյա օգտագործման են»։ Վերնիսաժի հարևանությամբ աշխատող կոշկակարի հաճախորդները հիմնականում հարակից շենքերի բնակիչներն են, Վերնիսաժի առևտրականները, նաև կրպակին հանդիպակաց շենքի` Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: «Մոտս գալիս են շատ հեռու տեղից էլ: Հոկտեմբերյանից են գալիս, Նոյեմբերյանից են գալիս, բերում են 10, 20 զույգով, հետո մի ամսից գալիս են, նոր տանում են: Արտաշատից են բերում»,- ասում է Սամսոն Մեդոյանը: Այն, որ հաճախորդները հաճախ նախընտրում են հենց իրեն դիմել, Սամսոնը բացատրում է նրանով, որ փորձում է որևէ մեկին չմերժել և անել ձեռքից եկածը: «Եթե կոշիկը չի սարքվում, ոնց որ չարժի ծախսելը վրան։ Իմ մեղքս գալիս է, ասում եմ` հա, մի կերպ անեմ։ Կունենար, էդ մարդը կառներ, իսկ որ չունի, ստիպված վերցնում եմ, սարքում եմ, էնքան որ կարողանա հագնի մինչև լավ օրերը»,- նշում է նա։ Թիֆլիսահայ Սամսոն Մեդոյանն առաջին մասնագիտությամբ ատաղձագործ է, փայտի գեղարվեստական ձևավորող: Կոշկակարություն ավելի ուշ է սովորել: Արդեն 18 տարի է, ապրում է Հայաստանում: Սամսոնը ևս, ուրիշ կոշկակարների նման, մասունք ունի իր թիֆլիսաբնակ ուսուցչից: Կոշկակարի սեղանին սրաքարն է: «Էս քարի վրա գրված է տարին: 88 թվին սկսեցի, էդ քարը ինձ նվիրեց իմ ուստան, ու մինչև հիմա պահվում է»,- ասում է վարպետը։ Նայելով կոշիկին՝ նա կարող է եզրակացություններ անել դրա տիրոջ մասին։ «Եթե կոշիկը կոկիկ է, մաքուր է, միանգամից զգացվում է, որ էդ մարդը կոկիկ մարդ է։ Եթե կոշիկը կեղտոտ եղավ, ուրեմն էդ մարդը փնթի է, իրեն չի գնահատում»,- նշում է կոշկակարը։ Սամսոնն ասում է, որ ամեն կոշիկ իր ձևով պետք է նորոգես, աշխատելիս հաճախ է ստեղծագործում ու մինչև հիմա էլ նոր բաներ է սովորում։ «Մարդ, ասենք, կոշիկի վրայի ժապավեն է կորցրել, գալիս է, ասում է՝ «հենց էդ ժապավենից եմ ուզում»։ Ասում եմ՝ թազա ժապավեն սարքեմ, զույգը փոխենք։ «Չէ, սրա նման եմ ուզում»։ Ու նստում ես, ժամերով գլուխ ես ջարդում՝ ոնց էդ ժապավենը սարքես, որ իրար նման լինի»,- պատմում է Սամսոն Մեդոյանը։ Կոշկակարն օրական միջինում աշխատում է 3-15 հազար դրամ, որից շահույթ է մնում կեսը: Լինում են նաև օրեր, երբ ոչինչ չի վաստակում: Սամսոնը 4 հոգանոց ընտանիքի միակ աշխատողը չէ. բանակից նոր վերադարձած տղան ավտոմեխանիկ է աշխատում։ Թեև տղան, հոր աշխատանքը տեսնելով, որոշ չափով սովորել է կոշկակարություն, բայց ինչպես և գրեթե բոլոր երիտասարդները, չի ուզում այդ աշխատանքով զբաղվել։ Վարպետը կանխատեսում է, որ որոշ ժամանակ հետո Հայաստանում արհեստավորների պակաս կլինի։ «Էսօրվա օրով, որ կոմպյուտեր կա, էդպիսի գործեր էլ կան, որ մաքուր ձեռքերով նստեն, սաղ ուզում են մինիստր դառնան։ Բայց կյանքը էդ ձևի չի. հենց որ արդեն նեղվի, էն ժամանակ արդեն մտածում են՝ մի հատ արհեստ սովորեի ժամանակին»,- ասում է Սամսոն Մեդոյանը։ Վարպետը հիշեցնում է, որ արհեստավորը օրվա կեսն է սոված լինում։