Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է անում Թուրքիան, ու ինչ պետք է անի Հայաստանը (տեսանյութ)

Քաղաքականություն
86901049dfcd791a07050db87bdf73f1

Կես ճանաչումների մարտավարություն: Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան առաջնորդվում է հենց այս գծով. «Նրանք փորձում են խոսել ոչ թե, որ ցեղասպանությունը չի եղել, այլ, որ, այո, երիտթուրքական վարչակազմը գուցե ապօրինի բռնագաղթ է կազմակերպել, որը կարելի է, երևի թե, քննադատել»,- ասում է պարոն Շաքարյանը: Բացի այդ, թուրքական քարոզչական զինանոցի կարևորագույն գործիքներից մեկը Ցեղասպանության շուրջ քննարկումների շեղումն է.«Նրանք նաև փորձում են Հայոց ցեղասպանությունը ոչ այնքան հերքել, որքան շեղել քննարկումները` առաջ բերելով Խոջալուի դեպքերը, նաև ԱՍԱԼԱ-ի գործողությունները»: Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը: Արտակ Շաքարյանի խոսքերով` հարկավոր է խելամիտ օգտագործել արտերկրում սովորող հայ ուսանողների ներուժը, որն այսօր չի արվում. «Եթե մենք դիտարկում ենք՝ ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիներն այլ երկրներում կազմակերպում իրենց աշխատանքը, ապա նրանք հիմնականում աշխատում են իրենց ուսանողների հետ, որոնք կազմակերպում են հանդիպումներ, քննարկումներ, կարելի է ասել դեսպանի հետ ստվերային աշխատանք է իրականացվում»: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կարևորում է միջազգային գիտաժողովների անցկացումը։ Այսօր տեղի ունեցավ հերթական մեկը` «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով: Կոնֆերանսին մասնակցում էին 6 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Թուրքիայի. «Նախ մենք փորձում ենք ներկայացնել առաջին աշխարհամարտի 100-ամյակը` նորովի անդրադարձ կատարելով: Հիմնական հարցը, որ պետք է քննվի, թե ինչպես պատերազմի քողի տակ իրականացվեց ցեղասպանությունը և ինչ հետևանքներ դա թողեց»,- ասաց պարոն Դեմոյանը: Հայոց ցեղասպանության թանգարանը պատրաստվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ընթանում են հիմնավերանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքներ: Այդ պատճառով թանգարանը դադարեցրել է իր աշխատանքները մինչև 2015 թ. ապրիլի 20-ը: