Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վարչապետը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Պաշտոնական
hovik4

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը, բարձր գնահատել ԱՄՆ աջակցությունը մեր երկրում իրականացվող ռեֆորմներին և վերահաստատել կառավարության՝ դրանք շարունակելու պատրաստակամությունը: «ՀՀ կառավարությունը հանձինս վարչապետի շարունակելու է ամրապնդել և ավելի ակտիվացնել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որ եղել է այս տարիների ընթացքում: Համոզված եմ, որ ապագայում սերտ համագործակցելու ենք և ակնկալում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակելու և ավելի մեծ թափով իրականացնելու գործում», - նշել է վարչապետ Աբրահամյանը: ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ մինչ օրս ծավալված և ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունից՝ պարոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կսերտանան և կամրապնդվեն: Դեսպանի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ընթացիկ բարեփոխումների շարունակականության ապահովման և նոր ռեֆորմների իրականացման տեսլականը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն աշխատելու է թափանցիկ և բաց է լինելու հասարակության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է քննարկվի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի այն ճիշտ ներկայացվի, ընկալելի լինի հանրության համար և ծառայի իր նպատակին: ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության մի շարք ուղղությունների և ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ: Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո մանրամասն քննարկել երկկողմ բազմավեկտոր գործակցության հեռանկարները և հետագա ծրագրերը: ՀՀ կառավարություն