Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս ամենը բերելու է Ուկրաինայի ու Ռուսաստանի քայքայմանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
embasi-8

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները կարող են հանգեցնել մեր տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ակտիվացմանը՝ կարծում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը. «Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանը պատերազմի մեջ մտնի Ուկրաինայի հետ։ Այդ ուղղությամբ նրանք աշխատելու են եւ օգտագործելու են այդ պահը, երբ Ռուսաստանը զբաղված կլինի պատերազմով եւ տարածաշրջանում կակտիվանա»: Ուկրաինայում պետության դեմ հանեցին ժողովրդին, այնուհետեւ թշնամացրեցին ուկրաինացուն եւ ռուսին, ովքեր միասին տարիներ շարունակ հաշտ ու համերաշխ ապրել են նույն պետության կազմում, տեղի ունեցած սցենարը ներկայացրեց Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։ Այս ամենի նպատակը, ըստ նրա, մեկն է՝ «Այս ամենը բերելու է Ուկրաինայի քայքայման ու նաեւ արդեն Ռուսաստանի քայքայմանը»։ Արման Բոշյանը Ուկրաինայում քաղաքական պատերազմ է կանխատեսում, որը կանխել Արեւմուտքը չի պատրաստվում, դեռ ավելին՝ թեժացնում է իրավիճակը: Նա չի բացառում, որ ուկրաինական տրամադրությունները կտեղափոխվեն Հայաստան։ Ուկրաինայում հասունացել է նաեւ տեղեկատվական պատերազմը՝ նկատում է Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը. «Կայքեր են ջարդվում եւ հակերային հարձակումներ են լինում, սոցիալական ցանցերը ակտիվ են, ահռելի ապատեղեկատվություն են տարածում, որը արդեն զոհերի է բերում»: Ուկրաինական զարգացումներին հետեւող հայ մասնագետները վստահեցնում են՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ով հաղթող դուրս կգա այս հակամարտությունում, որի հիմնական դերակատարները ՌԴ-ն ու Արեւմուտքն են: Ամեն դեպքում Հայաստանը շահեկան վիճակում չէ։