Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը կուտակայինի մասին միջանկյալ փուլ է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

Մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համապատասխան փոփոխությունները, պետք է կասեցվի տույժերի հաշվարկը: Նման հանձնարարական է տվել նորանշանակ Հովիկ Աբրահամյանը պետական մարմիններին` նախապատրաստել օրենքի նախագիծ եւ ներկայացնել ԱԺ` ապրիլի 28-ի նիստի օրակարգ: ՍԴ-ում իշխանությունների տեսակետը պաշտպանող ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը որոշումը համարում է ճիշտ. «Քանի դեռ հարցի վերջնական լուծումը տրված չէ, ապա տույժ-տուգանք չպետք է գանձվի, եւ սա կարծում եմ, որ բնական է»: Պարոն Հակոբյանը վարչապետի հայտարարության կիրառումն այսպես է բացատրում. «Օրենքն ասում է, որ դու պետք է փոխանցես, բայց միաժամանակ օրենքն ասում է, որ չփոխանցելու համար դու տույժ-տուգանք չես վճարելու»: Միաժամանակ նա կարծում է, որ սա լավ իրավիճակ չի ստեղծում. «Առաջանում է նույն սկզբունքը, նույն հարցադրումները, որոնք մինչեւ հիմա կային` եթե չենք փոխանցում, ինչու ենք գանձում, եթե գանձում ենք, ինչու չփոխանցենք»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն ընդամենը միջանկյալ փուլ է համարում եւ կարծում է, որ նման որոշումն ուղղակի անխուսափելի էր. «Ներկա կառավարությունը չի կարող մեխանիկորեն շարունակել անցած կառավարության այն քայլերը, որոնք նա արել է ու բերել է այս վիճակին»: Ոչ իշխանական քառյակը հայտարարեց, որ իրենք ունեն առաջարկներ օրենքում փոփոխություններ կատարելու համար եւ պատրաստվում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը վստահեցնում է` այս պահին իրենք ինտենսիվ աշխատում են օրենքի վրա ու քառյակի կողմից դեռ առաջարկներ չեն ստացել: Նա չցանկացավ մեկնաբանել, թե որքանով արդյունավետ կլիներ արտահերթ նիստում ՍԴ որոշման քննարկումը, այլ միայն նկատեց. «Իմ կարծիքով ավելի նախընտրելի կլիներ, եթե ունենալ կառավարության օրինագիծը կամ օրինագծերի փաթեթը եւ անդրադառնալ դրա շրջանակներում»: Արդյոք ԱԺ մեծամասնությունը դարձյալ կբոյկոտի՞ արտահերթ նիստը, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը չգիտի, ինքը միայն իր որոշումը հստակ գիտի. «Ես անձամբ մասնակցելու եմ»: