Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանի զեկույցը մի շարք գերատեսչությունների զայրացրեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
կառեն

Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ. տարեկան զեկույցը մի շարք գերատեսչությունների զայրացրեց: Ոմանց արձագանքները զուսպ էին, իսկ որոշներն էլ հանդես եկան կոշտ պատասխաններով: Երեւանի քաղաքապետարանը համամիտ չէր պաշտպանի զեկույցի հետ, առողջապահության նախարարությունը պատասխան զեկույց ներկայացրեց, դատական դեպարտամենտն ընդհանրապես այն անհիմն համարեց, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավելի հեռու գնաց` զեկույցը որակեց օրենքի չիմացություն: Գյուղատնտեսության նախարարությունը դեռ մտորում է՝ ինչպես արձագանքի զեկույցին, որոշ նախարարություններ էլ խոստանում են ավելի ուշ պատասխաններ տալ: Ի տարբերություն գործադիրի ներկայացուցիչների՝ օրենսդիր մարմնում ավելի հանդուրժող են ՄԻՊ-ի զեկույցի նկատմամբ: Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը խոստովանում է. «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջ քաշված մի շարք խնդիրներ, որոնք առաջ են քաշվում նաև ԱԺ-ում, այդպես էլ մնում են անլուծելի, և ԱԺ-ում ևս այս խնդրի կարգավորմանը մենք հասնել չենք կարող»,- այսօր ասաց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը: Կան գերատեսչություններ, որոնք դրական վերաբերմունք են ցուցաբերում պաշտպանի զեկույցներին, սակայն իրենց թերությունները շտկելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկում. «Ես արդեն չեմ հիշում քանի տարի է, ինչ մենք խոսում ենք այն գործելաոճի վերաբերյալ, որ օրինակ կասկածյալին վերաբերվում են որպես վկա, ապա կորզում են նրա ցուցմունքները, եթե կարգավիճակը փոխվում է: Դա վերջին 20 տարվա ընթացքում ամեն տարի բարձրաձայնվող խնդիրներից մեկն է, ու շարունակում է առանց լուծման մնալ: Բացի այդ, կնշեմ նաև գյուղատնտեսության ոլորտի բացերից մեկը, երբ վարկերն այնպիսի ծավալների են, որ գյուղացիներն իրենց տուն-տեղ վաճառում են, որ դուրս գան դրանց տակից»,- շարունակեց տիկին Վարդանյանը: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին որոշ գերատեսչությունների կոշտ արձագանքները չեն զարմացնում: Նա հիշում է, որ իր պաշտոնավարման ընթացքում էլ քննադատությունը հիվանդագին էր ընդունվում. «Ցավոք սրտի, մեր իշխանության մեջ շարունակական բնույթ է կրում այն կարծրատիպը, թե էս ո՞վ ա ՄԻՊ-ը, որ ինձ պետք է ցույց տա, թե ինչպես աշխատեմ»: Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ՄԻՊ-ի զեկույցի արձագանքները պետք է լինեն մի տեսքով. «Եթե արդեն վերհանվել է որևէ թերություն և տվյալ զեկույցներում նշված այն մարմինը, որին առնչվում է դա, պետք է քննարկում անցկացնի և հստակեցնի այն անելիքները, որոնք չեն իրականացվել»: Տիկին Ալավերդյանը հորդորում է տաքարյուն պաշտոնյաներին չմոռանալ` ի վերջո ՄԻՊ-ը պաշտպանում է մարդու իրավունքները չինովնիկներից, պետական և օրենսդիր մարմիններից: Պաշտպանի գործունությունը բխում է Հայաստանի քաղաքացու շահից: