Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մշակույթի նախարարությունից` «աբսալյուտնո» ոչ մի պատասխան»

Հասարակություն
vahan

Երեւանի պետական համալսարանի ուսանողներն այսօր հանդիպեցին կոմպոզիտոր Վահան Արծրունու հետ։ Հանդիպումը սկսվեց «Մաշտոցի սրբազան մարգարիտներ» ֆիլմի ցուցադրմամբ։ Ձայնասկավառակը լույս է տեսել մեկ տարի առաջ, որն իր մեջ ներառում է Մաշտոցից մեզ հասած 11 շարական։ Այն նվիրված է մեսրոպյան գրերի գյուտի եւ Սուրբ գրքի հայերեն թարգմանության 1600, ինչպես նաեւ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-րդ տարելիցին: Հրատարակվել է նաև գիրք, որտեղ զետեղված են կատարվող բոլոր 11 շարականների կանոնիկ (միաձայն) տարբերակների նոտագրությունները։ Մեր ազգային նյութին, ստեղծագործությանը մոտենալու համար Վահան Արծրունին շատ ժամանակ է հատկացրել ուսումնասիրություններին։ Նշեց, որ շարականները բնորոշ են միայն հայ ազգին, եւ ֆիլմը հենց այն մասին է, որ մենք ունենք մեր ուրույն տեսակը եւ դրսի մշակույթն ազդեցություն չի ունեցել մեր շարականների վրա։ Իսկ այն հարցին, թե ինչ է պետք անել, որպեսզի երիտասարդությունը լսի շարականներ, Վահան Արծրունին պատասխանեց. «Միայն Մեծ պահքի ժամերգության ժամանակ են հնչում այս շարականները, դրա համար պետք է գտնվենք եկեղեցում, որպեսզի լսենք։ Հիմա, երբ կա նման ձայնասկավառակ, պետությունը ոչինչ չի անում, որ տարածվի սա։ Նրանք նույնիսկ մոտավոր պատկերացում չունեն այսպիսի նյութի մասին։ Այսօր մեր մշակույթն իջեցրել են ռեստորանային, ճաշարանային մակարդակի»։ Այս խնդրով պետք է զբաղվեր Մշակույթի նախարարությունը, բայց. «Մշակույթի նախարարությունը պետք է համակարգեր այս հարցերը. հանրությանը ներկայացներ, պրոպագանդեր, բայց այդ կառույցն աշխատում է հակառակ ուղղությամբ։ Ես չպետք է դիմեմ իրենց, որ գրանտ ստանամ, թող իրենք մտածեն, իսկ նրանց կողմից «աբսալյուտնո» ոչ մի արձագանք չի եղել»,– ասաց կոմպոզիտորը։ Իսկ այն հարցին, թե որպես քաղաքացի ինչ է սպասում եկող կառավարությունից, Պարոն Արծրունու պատասխանը կարճ եղավ. «Հույսեր չեմ կապում իրենցից եւ ոչ մեկի հետ»։