Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիսկեր եւ «բլեֆներ»` կապված Սեւանա լճի հետ

Մշակույթ Հասարակություն
041813153645

«Սեւանա լճում, ջրի մակարդակի իջեցման և բարձրացման հետ կապված, առաջացել են մի շարք խնդիրներ: Ինտենսիվ կերպով գնում է լճի ճահճացում: Այս իրավիճակում լճի համար առաջարկվում է երկու նոր ծրագիր՝ ջրի լրացուցիչ բացթողումներ և ձկնաբուծության զարգացում»,- ասաց անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը ապրիլի 15-ին՝ Գեղարքունիքի մարզում, Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ: Ըստ փորձագետի` ձկնաբուծության ծրագիրն իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ հատկապես կապված օրգանական նյութերով լճի հատակի աղտոտման հետ։ Եվ ջրի բացթողումն այս պահին ընդհանրապես հակացուցված է: «Այն բլեֆը, որ ասում են, թե մենք ժամանակից առաջ ենք անցել, սուտ է: Այսօր 6.5 մետր բարձրացումն էլ չի փրկի Սեւանին, պետք է ավելի բարձրացնել: Սևանի հետ կապված ցանկացած որոշում պետք է ունենա մաթեմատիկական մոդելներով սցենարներ, ոչ թե միայն ջրի պահանջի հիմնավորում»,- նշեց փորձագետը,- մինչև 2060 թ-ը լիճը կարող է՝ 2 մետրով կիջնի»: Մյուս «բլեֆը», ըստ Սեյրան Մինասյանի, կապված է ատոմակայանի հետ. «Դա պարզապես շանտաժ է: Չի կարելի ժողովրդին շանտաժ անել և ասել, թե ատոմակայանի հովացման համար ջուր չկա: Պոմպը տարեք մի քիչ ներքև կամ վերև դրեք: Ատոմակայանի համար ջուր կա»: Եվս մեկ «բլեֆ»` կապված Արարատյան դաշտի հետ. «Արարատյան դաշտը ոռոգելու համար 500 միլիոն խ/մ ջուրը ճիշտ կառավարելու դեպքում լրիվ բավարար է: Արաքսում Ախուրյանի հետ միախառնման կետում մոտ 2 միլիարդ խորանարդ մետր ջուր կա, որի կեսը մերն է՝ համաձայն 1927 թ-ի. Թուրքիայի հետ պայմանագրի: Ամեն ամիս հայկական և թուրքական կողմերը հանդիպում են, չափում են ջրի մակարդակը , փականները կարգավորում են, հայկական փականների բանալին անցնում է թուրքերին, թուրքական փականների բանալին հայերին: Մեկ ամիս հետո նորից հանդիպում են: Իսկ հայ-թուրքական սահմանում՝ Մասիսի կողմերը, Արաքսի ջուրը հասնում է 3-4 միլիարդ խորանարդ մետրի: Սևջուր գետի տարեկան հոսքը եղել է 1 միլիարդ խորանարդ մետր: Ուրեմն, Սևջուրն այդ կետում դարձել է 2 միլիարդ: Խորքային հորերը ծակում են, խմելու այդ թանկարժեք ջուրը հանում են ձկնաբուծարանների, ջերմոցների և այլնի համար: Ոչինչ չի վերահսկվում: Սեւջուր գետի վերևում ջուրը քչացել է, ներքևում կրկնապատկվել է: Հորերից հանած մաքուր խմելու ջուրը պարզապես նվիրում ենք թուրքերին: Սա է մեր ջրերի կառավարման մակարդակը»,- ասաց փորձագետը: «Արարատյան դաշտում փորված հորերով իր տարեկան թույլատրելին 700-800 միլիոն խորանարդ մետրն է համարվում, իսկ պաշտոնական թվերով վերցվում է մոտ 1.4 միլիարդ խորանարդ մետր, այսինքն, տեղի է ունենում ազգային ունեցվածքի վատնում, սա պետական ունեցվածք էլ չէ, սա հայ ժողովրդի կենսական տարածքի ռեսուրսի վատնումն է»,- նշեց Սեյրան Մինասյանը:  Էկոլուր