Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թումանյան փողոցի ռեստորաններից մեկը Ավագ հինգշաբթի չի աշխատել (տեսանյութ)

Հասարակություն
zatik

Զատկի առթիվ այս շաբաթ օրը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունը կազմակերպելու է նախադեպը չունեցող ջահերով երթ: Այսօրվա ասուլիսում Արարատյան հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ասաց, որ երթը կմեկնարկի ժամը 7:30-ին Սբ. Սարգիս եկեղեցուց դեպի Հանրապետության հրապարակ: Հրապարակի «գորգի» վրա ջահերով կձևավորվի խաչ: Ճանապարհին երթի մասնակիցները անցորդներին կտան Քրիստոսի հարության ավետիսը, իսկ հետո ճրագները կբաժանեն մարդկանց: «Այսպես թե այնպես այդ օրերին ամբողջ քաղաքում քայլում են ջահերով մարդիկ, բայց այս անգամ ուղղորդված կլինի»,- ասաց Տեր Շմավոնը: Ի դեպ, քահանան գոհունակությամբ նշեց, որ այս ավագ հինգշաբթի մի քանի հացատներ, ռեստորաններ չեն աշխատել: Նա, առանց նշելու հաստատության անունը, առանձնացրեց Երևանի Թումանյանի փողոցի ռեստորաններից մեկը, որի վրա գրված է եղել է, որ հաստատությունը փակ է, քանի որ ավագ հինգշաբթի է։ «Այսինքն՝ մարդը գիտակցել է, որ ավագ հինգշաբթին Քրիստոսի մատնության, արյուն թափելու օրն է»,- ասաց Տեր Շմավոնը։ Զատիկը, որը քրիստոնեական մեծագույն տոներից է, այս տարի կնշվի ապրիլի 20-ին: Մինչ այդ՝ շաբաթ օրը, մեծ պահքի ավարտը կազդարարվի ճրագալույցի պատարագով: Քահանան նշեց, որ անընդունելի է Զատկի օրը գերեզման գնալը: Ի տարբերություն խորհրդային ժամանակների՝ այժմ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները մեռելոց են ու ոչ աշխատանքային, ուստի գերեզման պետք է գնալ այդ օրը: Տեր Շմավոնի խոսքով՝ Զատիկի օրը մատաղ կարելի է անել, բայց դա չպետք է վերածվի խնջույքի, այլ արվի՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու համար: Քահանան նշեց, որ Զատկի ձուն պետք է ներկվի կարմիր, քանի որ կարմիրն է խորհրդանշում Քրիստոսի թափած արյունը և ոչ թե կանաչը կամ որևէ այլ գույն: Ասուլիսի մյուս բանախոսը՝ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, ասաց, որ ձուն պետք է կարմիր ներկել, անգամ եթե այդ ընտանիքում վերջերս մարդ է մահացել: Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հավելեց, որ կարմիրը պարտադիր է, քանի որ հավատացյալի համար մահացած, անհետ կորած մարդ չկա, այլ կա ննջեցյալ, ով պետք է հարություն առնի: