Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5000 սփյուռքահայեր կմասնակցեն ծրագրին

Քաղաքականություն
81

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ սփյուռքի նախարարության 2014 թվականի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: 2014 թվականի ծրագրերի շրջանակներում նախատեսվում է շուրջ 5000-ից ավել սփյուռքահայերի մասնակցություն: Ծրագրերի մասնակիցների հիմնական մասը սփյուռքահայ երիտասարդներն են: «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը կմեկնարկի հուլիսի 1-ին և կընթանա 5 փուլով` «Պարարվեստի օրեր», «Խմբերգային արվեստի օրեր», «Ասմունքի երեկո», «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն», «Հայ երգի օր»: Փառատոնի ծրագրի շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ Հայաստանի տարբեր քաղաքներում և Արցախում: «Արի տուն» ծրագրի տևողությունը հունիսի 15-ից օգոստոսի 30-ն է, որը կընթանա 8 փուլով: Նախատեսվում է շուրջ 1000 սփյուռքահայ պատանիների և աղջիկների մասնակցություն: Նրանք 9 օր կանցկացնեն հյուրընկալ ընտանիքներում, 5 օր՝ «Արի տուն» ճամբարում: Նշվեցին ծրագրի կազմակերպման նպատակով պետական գերատեսչությունների հետ համագործակցության ուղիները:   «Սփյուռք» ամառային դպրոցն իրականացվում է հուլիսի 7-ից օգոստոսի 2–ը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ և ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման, ազգային երգի ու պարի, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, Սփյուռքի լրագրողների և Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ: Ծրագիրը կարևորվում է հատկապես մայրենիի դասավանդման, պահպանմանն ու տարածմանը նպաստելու առումով: