Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական կյանքի ջոյստիկը ՀՀԿ-ն է». Արմեն Աշոտյան

Քաղաքականություն
արմեն

Այն, ինչ հայտարարել է ՕԵԿ-ը` որպես հիմնավորում կոալիցիայից դուրս գալու, ՀՀԿ-ի համար ընդունելի է`անկախ նրանից, ձեւակերպումները կիսում են, թե ոչ: Այսօր Կառավարության նիստից հետո ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ վարչապետի պաշտոնում այսօրվա իր առաջին նիստը Հովիկ Աբրահամյանը որեւէ կերպ չնշանավորվեց: Նախարարներին բարեւելուց եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրը շնորհավորելուց հետո նա անմիջապես անցավ օրակարգի քննարկմանը: Այսօրվա նիստի միակ առանձնահատկությունը եղավ այն, որ նորանշանակ վարչապետն արձագանքում էր գրեթե բոլոր նախարարների զեկույցներին` կամ դիտողություններ անելով, կամ հայտարարություններով հանդես գալով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանի առաջարկը` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Նախագծով առաջարկվում է 2003թ. հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալ։ Հովիկ Աբրահամյանի կարծիքով սա շատ զգայուն հարց է, ու որոշում կայացնելը ճիշտ չի ընկալվի մյուս հայրենակիցների կողմից. «ԱԺ-ի հետ հարցը քննարկել մինչեւ օրակարգի ընդգրկումը, համոզել, որ նման նախաձեռնություններ օրակարգ չընդգրկեն»: Այսօրվա նիստին ներկա էին նաեւ արդեն նախկին ՕԵԿ 3 նախարարները: Նրանցից որեւէ մեկի, ինչպես նաեւ` նախարարների մեծ մասի հետ չկարողացանք զրուցել, անգամ երբ փորձեցինք նրանց հանդիպել կառավարության շենքի հետնամուտքի մոտ: Շենքն ունի 4 մուտք: Համարձակ նախարարներից մեկը Հրայր Թովմասյանն էր, որը լրագրողների հարցին ի պատասխան` նշեց, որ նորմալ է վերաբերվում ՕԵԿ որոշմանը` դուրս գալ իշխանական կոալիցիայից. «Ցանկացած քաղաքական ուժ իր ճակատին գրված չէ, որ իր ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն, կամ իր ամբողջ կյանքում պետք է լինի ընդդիմություն»: Մյուս համարձակ նախարարը Արմեն Աշոտյանն էր, որը դուրս եկավ հետնամուտքից: Ըստ նրա` քաղաքական ապահարզաններն ավելի բարեկիրթ են դարձել. «Մենք պետք է բարձր գնահատենք այն համատեղ կյանքը, որ ապրել ենք միասին: Այս ամենը եւս մեկ անգամ ապացույցն է այն հանգամանքի, որ քաղաքական կյանքի ջոյստիկը ՀՀԿ-ն է»: