Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարպետի աշխատանքներն անտեսվում են

Մշակույթ
deragorc-4

Որդու կարոտը Սուրեն Թադևոսյանը սփոփում է ձեռագործների միջոցով։ 11 տարի առաջ, երբ երաժիշտ որդին ընտանիքի հետ միասին բնակություն հաստատեց Մեքսիկայում, իր հետ տարավ նաև ջութակը։ Սուրեն Թադևոսյանը տանը ջութակի բացակայությունը լրացնելու համար սկսեց ջութակների տեսքով խճանկարներ պատրաստել։ Ջութակների վրա ձեռագործ վարպետը պատրաստել է գրեթե բոլոր հայ գրողների և երաժիշտների խճանկարները: Քաղաքական գործիչներին չի անդրադարձել: Վստահեցնում է՝ եթե իր կատարածը գնահատեն, անպայման նրանց դիմապատկերն էլ ջութակի վրա կհուլունքագործի. «Որ իմանամ իմ արածները կգնահատեն, ինչ ա եղել, հենց հիմա Սերժ Սարգսյանի խճանկարն էլ կանեմ, եթե նկարեմ, կարող ա ասեն՝ ինչի համար ես նկարել», - ասում է ձեռագործ վարպետը: Քաղաքական գործիչներից միայն Ֆրանսիայի նախկին նախագահի էսքիզն է արել` ասում է` հարգանքից ելնելով է հուլունքագործել. «Մի հոյակապ գործ եմ արել, Նիկոլա Սարկոզին ինձ համար ամենալավ նախագահներից մեկն է աշխարհում, նկարել եմ զուտ նրա համար, որ նա ամենաառաջիններից մեկն է, ով ճանաչեց հայոց ցեղասպանությունը»: Սուրեն Թադևոսյանը մասնագիտությամբ ապրանքագետ է, բայց զբաղվում է ձեռագործությամբ: Ձեռագործ վարպետն ասում է, որ 20-ից ավել էսքիզներն իրեն եկամուտ չեն ապահովում, իսկ ներդրած ծախսերն այնքան էլ քիչ չեն: Յուրաքանչյուր խճանկարի վրա վարպետ Թադևոսյանը 8 – 10 000 դրամ է ծախսում. «Մարդիկ զարմանում են, որ էսքան ժամանակ ու ջանք եմ ներդնում աշխատանքների վրա ու գումար չեմ առնում»: 11 տարվա ընթացքում կուտակած խճանկարները երբևէ վաճառքի չի հանել: Նա զարմացած է` ցուցահանդեսներ կազմակերպելու և իր գործերը վաճառելու համար իրենից են գումար պահանջում։ «Վերնիսաժը ես չեմ սիրում, էնտեղ կանգնելու համար նախ պետք է փող վճարես, բացի այդ, մարդիկ էլ վճարունակ չեն, չեն գնի», - նկատում է նա: Վարպետի խոսքով՝ ինքը քչով էլ է բավարարվում։ Սեփական աշխատանքների անհատական ցուցադրություն ունենալու դեպքում էլ գոհ կլիներ։