Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ի ղեկավարը կրկին կդառնա՞ դավաճան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj3

Հանրապետական պատգամավորները մի կերպ են թաքցնում իրենց ծիծաղը՝ լսելով, որ ՕԵԿ-ը դառնում է ընդդիմություն։ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը կարծում է. «ՕԵԿ-ը կոնյուկտուրային կուսակցություն է եւ կապված քաղաքական կոնյուկտուրայից՝ մեկ դառնում ա ընդդիմություն, մեկ դառնում ա իշխանության մաս»։ Մանվել Բադեյանը վստահեցնում է՝ մենք ՕԵԿ-ին ընդդիմություն չենք գործուղում։ Գալուստ Սահակյանը չի վախենում, որ Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո ՕԵԿ-ի ղեկավարը կրկին կդառնա դավաճան, որը դեսպաններին կխնդրի նեղել Հայաստանի իշխանություններին։ Պարոն Սահակյանը լավ գիտի Արթուր Բաղդասարյանին. «Դավաճաններ փնտրելու անհրաժեշտություն չկա»։ Բացի դրանից, ՕԵԿ-ի հետ համատեղ աշխատելը իզուր չի անցել, միասին սեղան են նստել, հաց են կտրել, կենացներ են խմել. «Ես կարծում եմ, որ հայոց հաց կտրելը միշտ պարտավորություն է իրենից... հետեւանքը միշտ պարտավորությունն է»։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը չի վշտացել, որ ՕԵԿ-ը հանրապետականին ապագա կառավարությունում թողեց մենակ։ Չեն էլ փորձել ՕԵԿ-ին պահել կառավարությունում. «Մենք ունենք պարզ մեծամասնություն ԱԺ-ում եւ առնվազն տեխնիկական մասով մեր բոլոր խնդիրները կհաղթահարենք»։ 1998-ից հետո առաջին անգամ հանրապետական կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում միանձնյա։ Այսօր քաղաքական ոչ մի ուժ այդ կուսակցության կողքին չէ։ Մի՞թե այդքան անտանելի են հանրապետականները. «Էն, որ անտանելի ենք, դա արդեն նշմարվում է»։ Արդեն առանց կատակելու տրամադրության պարոն Սահակյանն ավելացնում է՝ քաղաքական իրավիճակ է փոխվել, ոչ ոք չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել։ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվել է նաեւ Դաշնակցությունը. «Էնպիսի տպավորություն է, որ բոլորի փեշերից քաշում ենք, ասում ենք` եկեք կոալիցիա»: Պարոն Սահակյանը կոչ է անում չանհանգստանալ Դաշնակցության հրաժարվելով: Կառավարությունը դեռ չի ձեւավորվել: Ժամանակ կա, հետեւաբար մնում է համբերել. «Մենք պատրաստ ենք կառուցողական ծրագրերի, կառուցողական աշխատանքի պատասխանատվություն վերցնելու պարագայում մեր բացարձակ մեծամասնությունը կիսել այս կամ այն քաղաքական թիմի հետ»: