Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժնևում մեկնարկում են Ուկրաինայի շուրջ քառակողմ բանակցությունները

Քաղաքականություն
ամն2

Ժնևում այսօր մեկնարկում են բանակցություններ, որոնց ընթացքում Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի դիվանագետները կքննարկեն Ուկրաինայում ծավալված ճգնաժամը կարգավորելու հնարավոր ուղիները: Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրիյ Դեշչիցան Ժնև ժամանելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն դեռևս կա ժամանակ՝ Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելու համար: «Կարծում եմ՝ դեռևս ունենք դիվանագիտական միջոցներով իրավիճակի լարվածությունը նվազեցնելու հնարավորություն, և մենք այս ուղղությամբ կգործադրենք առավելագույն ջանքեր: Նման ջանքեր մենք արդեն իսկ գործադրում ենք՝ ոչ միայն Ուկրաինան, այլ նաև Միացյալ Նահանգները: Սակայն այժմ եկել է ոչ միայն մտահոգություն արտահայտելու, այլև Ռուսաստանի գործողություններին և ծրագրերին առավել հստակ և համարժեք պատասխան մշակելու ժամանակը», - ասել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարը: Ուկրաինայի ներկայիս իշխանություններն ու Արևմուտքը վստահ են, որ Ուկրաինայում տեղի ունեցող խռովությունները հրահրում է Մոսկվան: ԱՄՆ-ի իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, Ռուսաստանի առաջնորդները պետք է դիմեն իրավիճակի լարվածության նվազեցմանն ուղղված գործողությունների: «Նրանք պետք է դադարեցնեն անջատողականներին հրահրելն ու աջակցություն տրամադրելը և հետ քաշեն զինված ուժերը Ուկրաինայի սահմաններից», - ասել է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան: ԱՄՆ-ի իշխանություններն ավելի վաղ սակայն տեղեկացրել էին, որ Ժնևում կայանալիք բանակցություններից չեն ակնկալում որևէ բեկում՝ հավելելով, որ առաջխաղացման բացակայության դեպքում Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ կլինի սահմանել նոր պատժամիջոցներ, որոնք կարող են ընդունվել արդեն գալիք ուրբաթ օրը: Ամերիկայի ձայն