Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը՝ Ռուսաստանի առաջին տիկնոջ և Սնոուդենի հարցի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
putin3

Այս պահին ընթացող՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի «Ուղիղ գիծ 2014» ասուլիսի ընթացքում բանախոսին հարց ուղղվեց, թե երբ երկիրը կտեսնի առաջին տիկնոջը։ «Սկզբում իմ նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային, պետք է կնության տամ, հետո նոր իմ մասին մտածեմ»,- պատասխանեց Պուտինը։ Ռուսաստանի նախագահին տեսազանգի միջոցով հարց ուղղեց նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը՝ հատուկ ծառայությունների կողմից առցանց հաղորդակցության զանգվածային գաղտնալսումների և անձնական տվյալների հավաքագրման մասին։ Սնոուդենին հետաքրքրիր էր, թե Ռուսաստանը որևէ կերպ գաղտնալսո՞ւմ, հավաքո՞ւմ, վերլուծո՞ւմ է միլիոնավոր անհատների մասնավոր տվյալները, արդարացված համարո՞ւմ է զանգվածային վերահսկողությունը՝ նաև ահաբեկչության դեմ պայքարելու համար։ «Հարգելի պարոն Սնոուդեն, Դուք նախկին գործակալ եք։ Ես էլ նախկինում կապ ունեցել եմ հետախուզության հետ։ Այնպես որ, ես ու Դուք մասնագիտական լեզվով կխոսենք»,- կատակեց Պուտինը։ Նա ասաց, որ Ռուսաստանում օրենսդրորեն խստիվ կարգավորված է հատուկ ծառայությունների կողմից հատուկ միջոցների կիրառումը։ Հեռախոսազրույցների գաղտնալսումը, համացանցում հետևելը կարող է կատարվել տվյալ քաղաքացու նկատմամբ դատարանի որոշմամբ, ուստի զանգվածային բնույթ կրել չի կարող։ Պուտինի խոսքով՝ քրեական տարրերը, այդ թվում նաև՝ ահաբեկիչներն օգտագործում են հաղորդակցության հատուկ միջոցներ։ Այդ միջավայրում հատուկ ծառայությունները ևս պետք է օգտագործեն ժամանակակից միջոցներ, որպեսզի պայքարեն հանցագործությունների դեմ։ «Իհարկե, մենք դա ևս անում ենք, բայց այդպիսի զանգվածային, անվերահսկելի մասշտաբ մենք, իհարկե, մեզ թույլ չենք տալիս, և շատ հուսով եմ՝ երբեք թույլ չենք տա։ Մենք Միացյալ Նահանգների չափ տեխնիկական միջոցներ և փող էլ չունենք»,- հավելեց Պուտինը։ Պատասխանելով մեկ այլ հարցի՝ նա ասաց, որ Ռուսաստանը չի ձգտում փչացնել իր հարաբերությունները Եվրոպայի հետ, և հույս հայտնեց, որ եվրոպացի գործընկերների ծրագրերի մեջ ևս նման բան չկա։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի և Եվրոպայի միջև վստահությունն առանցքային հարց է թե միջանձնային, թե միջպետական մակարդակում։ Պուտինը հիշեց մի միջադեպ, որը կապված է ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ Ռասմուսենի հետ։ «Հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նա դեռ Դանիայի վարչապետն էր, ինձ խնդրեց, որ հանդիպենք, հանդիպումը ծրագրված չէր։ Ես համաձայնեցի, մենք հանդիպեցինք, խոսեցինք։ Պարզվում է՝ նա վերցրել էր ձայնագրիչ, գաղտնի ձայնագրել մեր խոսակցությունը, իսկ հետո այն հրապարակեց մամուլում։ Ես ականջներիս ու աչքերիս չէի կարողանում հավատալ։ Իսկական հիմարություն է»,- ասաց Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռասմուսենն արարքը բացատրել է նրանով, որ խոսակցությունը ձայնագրել է պատմության համար։ «Իհարկե, ես շոյված եմ, բայց գոնե պետք էր զգուշացնել, գոնե թույլտվություն խնդրել՝ հրապարակելու այդ բանակցությունները։ Ի՞նչ վստահություն կարող է ձևավորվել այսպիսի միջադեպերից հետո»,- հարցրեց Պուտինը։ Նա նշեց, որ եվրոպացիների հետ հարաբերությունները պետք է լինեն ավելի կայուն և թափանցիկ։