Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր. արարողությունների ժամանակացույց

Հասարակություն
votnlva

Ապրիլի 17` Ավագ հինգշաբթի է։ Այսօր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Ոտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր (աղոթք Գեթսեմանի այգում, մատնություն, դատավարություն, չարչարանք, բանտարկություն): Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Ժամը 11.00-ին մատուցվելու է Ս. Պատարագ, կտրվի Ս. Հարղոդություն: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում օրհնվում և բաժանվում է յուղը: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, աստիճանաբար հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինի աշտանակը վառված մոմով: Այն խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո: Ի դեպ, Qahana.am –ը պատասխանել է նամակագիրներից մեկին հուզող հարցին՝ պե՞տք է արդյոք Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ ներկել և ճաշակել: «Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը»,- ասել է Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Ավագ Ուրբաթ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կատարվում է  Խաչելության կարգ՝ ի հիշատակ Հիսուսի խաչելության: Արարողության ընթացքում ընթերցվում են Ավետարանից հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը: Ժամը ՝ 17.00-ին կատարվում է Թաղման կարգ: Եկեղեցիներում ծաղիկներով զարդարում են Հիսուսի «գերեզմանը»: Բոլոր մարդիկ կարող են ծաղիկներ բերել ու դրանցով զարդարել այն:  Ժամերգության ավարտին հանդիսավոր թափորով գերեզմանը պտտեցնում են եկեղեցում կամ եկեղեցու շուրջ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան