Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդներն ուզում են միանգամից «մինիստր» աշխատել. վերլուծաբան (տեսանյութ)

Հասարակություն
nkar1

Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են ծրագրավորողները, ֆինանսական վերլուծաբանները, մարկետոլոգները: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ֆունդամենտալ վերլուծության մասնագետ Անաիդ Համբարձումյանը: Նրա խոսքով՝ մեր երկրում ամենից շատ աշխատանք են փնտրում տնտեսագետները, առաքիչները, թարգմանիչները: Ամենից քիչ աշխատանք են փնտրում ֆինանսական վերլուծաբանները, բեռնատարների վարորդները, բանվորները, հավաքարարները: Անաիդ Համբարձումյանը նշեց, որ Հայաստանում գործազրկության հստակեցված տոկոսային տվյալ չկա, բայց տարբեր հետազոտությունների արդյունքները համադրելով՝ իրենք կարծում են, որ 2013թ. երկրորդ կիսամյակի դրությամբ այդ ցուցանիշը 16,2 տոկոս է: «Սրանք ստանդարտ տոկոսներ են, քանի որ ամբողջ աշխարհում գործազրկության խնդիր կա»,- ասաց Անաիդ Համբարձումյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ ռեկրուտինգի մասնագետ Նաթելլա Շահնազարյանը, նշեց, որ իրենց դիմող աշխատանք փնտրողներից շատերը կողմնորոշված չեն, անգամ չեն կարողանում կազմել ինքնակենսագրությունները: «Իսկ գրագետ կազմված ինքնակենսագրությունը գործի 50 տոկոսն է»,- կարծում է Շահնազարյանը: Նա խնդիր է համարում նաև այն, որ այժմ երիտասարդները չեն ուզում կամավոր աշխատել, այլ ուզում են միանգամից «մինիստր դառնան, շատ փող աշխատեն»: Նաթելլա Շահնազարյանը նաև ասաց, որ այն միտումը, որ գործատուն պահանջում է մինչև 25 տարեկան, միաժամանակ 8 տարվա աշխատանքային փորձով աշխատողի, նվազում է: Ռեկրուտինգի մասնագետը նշեց, որ ի տարբերություն տղամարդկանց՝ Հայաստանում կանայք, եթե ունեն աշխատանքի կարիք, գնում-աշխատում են: «Երբեք չի եղել, որ կինը զանգի-հարցնի՝ բա՞րդ աշխատանք է, փոշո՞տ է: Իսկ ինչքան տղամարդ զանգում է, հարցնում է՝ բա՞րդ աշխատանք է: Տղամարդիկ պատճառաբանում են, որ քիչ է գումարը, հեռու է, փոշոտ է»,- ասաց Նաթելլա Շահնազարյանը: Նա եղել է մի արտադրամասում, որտեղ աշխատել են գրեթե միայն կանայք: Շահնազարյանը վստահեցրեց, որ իր պրակտիկայում բազմաթիվ են նաև զավեշտալի դեպքերը: Մի շատ լուրջ ֆինանսիստ, որը նվազագույն աշխատավարձի սանդղակում նշել էր 500 հազար դրամը, եկել էր այնպիսի տեսքով, որ «չես էլ ուզում հետը խոսել»: Մեկ այլ ֆինանսիստ իր ինքնակենսագրականն ուղարկել էր hreshtak-8 էլեկտրոնային հասցեից: Մի իրավաբան ինքնակենսագրության հետ ուղարկել է odnoklassniki.ru կայքի հղումներ և ազատ ոճի լուսանկարներ՝ ծաղիկներով, մի քանի հոգով հարսանյաց հանդեսին: