Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճանապարհորդություն դեպի Հայաստան»

Մշակույթ
mshakuyt

Ապրիլի 12-ին Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքի կենտրոնական «Ժան Դեսպա» դահլիճում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որի արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Սեն-Տրոպեի քաղաքապետ Ժան Պիեր Տյուվերին, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Բուշ դյու Ռոն և Վառ շրջանների հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր: ՀՀ դեսպանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Սեն-Տրոպե քաղաքի ղեկավարներին միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով Սեն-Տրոպեում «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին՝ դեսպան Չիտեչյանն անդրադարձավ Ջուղայի խաչքարերի նկատմամբ իրականացված վանդալիզմին և պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին: Այնուհետ ներկաները հայ արվեստի պատմության պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանի ուղեկցությամբ մասնակցեցին հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից և արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Էքս-ան-Պրովանս և Տուրնֆյոյ քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Սեն-Տրոպեի բնակիչների և քաղաքի հյուրերի կողմից: Մշակութային միջոցառումների շարքում տեղի ունեցավ նաև ֆրանսահայ հայտնի դուդուկահար Լևոն Մինասյանի մենահամերգը: Ապրիլի 13-ին «Լա շապել դյու Կուվան» նոր վերանորոգված Սեն-Տրոպեի հնագույն եկեղեցում տեղի ունեցավ հայկական ծեսով սուրբ պատարագի արարողություն: Նույն օրը Ժան Դեսպա դահլիճում պրոֆեսոր Տոնապետյանը դասախոսություն կարդաց հայկական խաչքարերի արվեստի մասին: «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Սեն-Տրոպեում կտևի մինչև ապրիլի 26-ը: