Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմա՞տ, թե՞ շաշկի են խաղում իշխանությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
Volodya-3

Նոր ձեւավորված կառավարության հետ ազատամարտիկները հույսեր չեն կապում: Նրանք կարծում են, որ քաղբանտարկյալները` այդ թվում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ազատ չեն արձակվի. «Սերժ Սարգսյանի եւ նրա կամակատարների ձեռքով է կալանավորվել, եւ ռադիկալ փոփոխություններ չենք սպասում: Շինծու գործ է սա, եւ դատական նիստին հետեւելով՝ նման եզրահանգման կգա ցանկացած մարդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ եւ անազատության մեջ է անցյալ տարվա սեպտեմբերի քսանից: Վերջինս առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների ծանր սոցիալական խնդիրների մասին: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը նշում է, որ շարունակելու են պայքարը եւ ընդվզումները, մինչեւ հասնեն արդարության, եւ հիշեցնում՝ այսօր միջազգային լուրջ կառույցներ ընդունել են, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է: Անդրադառնալով վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելուն, վերջինս նշեց, որ փոփոխությունը կարելի է կոչել «ռակիրովկա». «Սակայն մեր իշխանությունները ոչ թե շախմատ, այլ շաշկի են խաղում: Թուրը ձեռքերը վերցրած` աջ եւ ձախ փրթում են»,- ավելացրեց նա: Իսկ մինչ այդ նա ցանկացավ մեր իշխանություններին հիշեցնել Արցախյան պատերազմում անձնուրաց կռված ազատամարտիկների, այդ թվում՝ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքների վիճակը, որ գտնվում են սոցիալական ծանր պայմաններում: