Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն առողջապահության նախարարությունում

Հասարակություն
DSC_0010

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Նախարարությունից հայտնում են, որ մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրեցին կատարված աշխատանքները։ Արձանագրվեց, որ ՀՀ ԱՆ ԱՊՏ Երևանի քաղաքային և մարզային կենտրոններն աշխատանքներ են իրականացնում ինչպես ՀՀ կառավարության կողմից իրենց վերապահված գործառույթների շրջանակներում, այնպես էլ Դերենիկ Դումանյանի հրամանների համաձայն բուժհիմնարկներում մոնիտորինգ են իրականացնում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության որակի, կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղորայքի բաշխման, իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման նկատմամբ։ ԱՊՏ ղեկավարները ներկայացրեցին այդ ուսումնասիրությունների նախնական արդյունքները։ Որոշվեց վերջնական ամփոփումից հետո կազմակերպել քննարկում շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Այնուհետև քննարկվեցին մարզային կենտրոնների կադրերով ապահովվածությանը, շենքային պայմաններին, հագեցվածությանը, ֆինանսավորմանը և առկա այլ խնդիրներին վերաբերող հարցեր։ Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության տարածքային մարմինների տեղակայման հարցերը հստակեցնելու, թափուր հաստիքները համալրելու, ինչպես նաև փոխադրամիջոցների և տեխնիկական ապահովվածության խնդիրները լուծելու ուղղությամբ` այդ նպատակով հստակեցնելով բոլոր կենտրոնների կարիքները։ Նաև հանձնարարեց վերանայել ՀՀ ԱՆ աշխատակազմի Պետական առողջապահական տեսչության մարզային կառույցներին անհրաժեշտ հաստիքների ցանկը` ելնելով անցած ժամանակաընթացքի աշխատանքի փորձից, ինչպես նաև հստակեցնել ֆինանսավորման մեխանիզմները։ «Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ դրանց արդյունքում ապահովվեն մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման հարցերը»,- հորդորեց Դերենիկ Դումանյանը։ ՀՀ ԱՆ Հասարակայնության հետ կապերի բաժին