Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Անջելո Գնեդինգերին

Քաղաքականություն
hranush

Ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը: Մասնավորապես, նախարարն անդրադարձավ սիրիահայերին աջակցելու նպատակով ՀՀ իրավական ակտերում Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացված փոփոխություններին, կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Սիրիայում և հատկապես հայաբնակ վայրերում տիրող ծանր իրավիճակին, մասնավորապես Քեսաբի խնդրին՝ հավելելով, որ վտանգված է քաղաքացիների, այդ թվում՝ հայության ֆիզիկական գոյությունը: ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերին իր խոսքում նշեց, որ տպավորված է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների ծավալով: Անջելո Գնեդինգերը կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն այսուհետ ևս արդյունավետ կլինի: Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սիրիական թնջուկում միջազգային կազմակերպությունների դերը շատ կարևոր է, և շնորհիվ այդ կազմակերպությունների՝ կկարողանանք հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: ՀՀ Սփյուռքի նախարարություն