Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր լուսինն արյունոտ էր. հետեւեք ձեր վարքին՝ մի ընկճվեք (տեսանյութ)

Հասարակություն
inchpes-ev-kanxatesv-u28448-1

Երկիր մոլորակի Արեւմտյան կիսագնդի բնակիչներն այսօր ականատեսը եղան տիեզերական հետաքրքիր մի երեւույթի` լուսնի գույնը տարօրինակ էր: Արյունոտ լուսինն այսօր Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում շուրջ 1 ժամ 19 րոպե ամբողջովին խավարեց: Սա լուսնի չորս լրիվ խավարումներից առաջինն էր, որը սպասվում է 1,5 տարվա ընթացքում։ «Հայկական աստղագիտական ընկերության» համանախագահ Արեգ Միքայելյանը բացատրում է. «Խավարման ժամանակ, երբ արեւի լուսավորությունը փակվում է, երկրի ստվերում է հայտնվում լուսինը, այդ ժամանակ երկրի մթնոլորտի անդրադարձման պատճառով կարմրավուն գույն է ստանում լուսինը»: Պարոն Միքայելյանը խորհուրդ է տալիս այդքան մեծ նշանակություն չտալ լուսնի այս խավարմանը, որի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ընդամենը պայմանավորված էր նրա անվամբ` արյունոտ: Նա վստահեցնում է` այս խավարումը ոչ մի լուրջ հետեւանք չի ունենա երկրի վրա. «Դա երեւույթ է, ու այդպիսի վտանգավոր հետեւանքներ երկրի, մարդկության վրա, իհարկե, դա չի թողնում: Դա միայն օպտիկական երեւույթ է: Մեծ տիեզերքի համար դա ընդհանրապես նշանակություն չունի: Սա միայն մեր արեգակնային համակարգի մեջ է»: Եթե աստղագետների համար սա հերթական տիեզերական երեւույթն էր, ապա ըստ էզոթերիկների՝ այն կարեւոր ու ազդեցիկ նշանակություն ունի: Էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի խոսքերով` Լուսինը, որը կապված է մեր էմոցիաների, երազների հետ, Մարս մոլորակի հետ գտնվելով Կշեռքի համաստեղության տակ` լուրջ ազդեցություն ունի այսօր մարդկանց հոգեվիճակի վրա ու հանգեցնում է մի նոր փուլի. «Ամենաքիչը մարդ պետք է ազատվի հին նախապաշարումներից, նույն սնահավատությունից, սկեպտիկ մոտեցումներից, որպեսզի կարողանա մի նոր բան ստեղծել: Եթե իր այդ նույն կառուցվածքը պահպանի, դա ուղղակի իրենից պետք է վերցնի ավելորդ քանակությամբ էներգիա»: Նրա վստահեցմամբ` այսօր մարդիկ սթրեսային, նույնիսկ դեպրեսիոն վիճակում իրենց կզգան, եւ դա հիմնականում կարտահայտվի վախերով: Գուրգեն Հովհաննիսյանի օրվա համար խորհուրդը մեկն է. «Փորձեք ինքներդ ձեզ այսօր հետեւել, կողքից դիտարկել ձեր յուրաքանչյուր գործողություն, կարծես թե ինքներդ ձեր ռեժիսորն եք, սցենարիստն եք, եւ օպերատորական այդ տեսախցիկը ձեր ձեռքին է, դուք որ հատվածներին ուշադրություն կդարձնեիք եւ որը կցանկանայիք թողնել այդ պահին»: lusin