Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդի կողմից արձակված գնդակները տներում բոցավառվել են. գնդակոծություն սահմանին

Կարևոր լուրեր Մարզեր
այգեպար

Այսօր Տավուշի մարզի Այգեպար համայնքի երեխաները դպրոց ու մանկապարտեզ չեն գնացել։ Գյուղապետը թույլ չի տվել։ Ադրբեջանական կողմից արձակված գնդակներից դպրոցն ու մանկապարտեզն են մասամբ տուժել. «Գնդակը մանկապարտեզի պատուհանից ներս է մտել, ներսում ահագին տեղ քանդվել է », - ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը։ Այգեպարում կրակոցներից գազատար խողովակներ են նաև պայթել։ Այս պահին, սակայն, գյուղում վերականգնված է գազամատակարարումը։ Այգեպար համայնքին կրակմարիչներ են անհրաժեշտ։ Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը։ Նրա տեղեկացմամբ՝ երեկ երեկոյան ադրբեջանական կողմը մոտ 5 ժամ տևողությամբ գնդակոծել է գյուղը։ Հակառակորդի կողմից արձակված գնդակները ներս են մտել բնակելի տներից ներս և բոցավառվել. «Կրակը տներից ներս ա մտնում, բոցավառվում, մարդիկ մի կերպ հանգցնում են, էդ պահին հրշեջներ չեն կարող գալ գյուղ, եթե կրակմարիչներ լինեն, մենք մեզ կարող ենք պաշտպանել», - արձանագրում է Այգեպարի գյուղապետը։ Նա նաև հայտնեց, որ գնդակոծությունից գյուղին շուրջ 5 միլիոն դրամի նյութական վնաս է հասցվել. «Մի քանի տասնյակ տների պատուհաններ են կոտրվել, կահույք է վնասվել՝ մեկի խոլը, գնդակը ներս ա մտել, մեկի զուգարանն է ջարդուխուրդ արել», - նշում է համայնքի ղեկավարը։ Հակառակորդը գնդակոծել է նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղը։ Համայնքապետ Մանվել Կամենդատյանի խոսքով՝ գյուղը նյութական վնասներ է կրել, այժմ ճշտվում է ներքին կարմիրաղբյուրցիների կրած վնասի չափը։ Պարոն Կամենդատյանը զայրացած է. լրատվամիջոցները չեն այցելում իրենց համայնք՝ սահմանափակվում են միայն զանգերով. «Հենց կրակոցներ ա լինում, մի 70 հոգի զանգում են, բայց մի լրատվամիջոց չի գալիս իր աչքով տեսնի, թե էստեղ ինչ ա կատարվում», - ընդգծում է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը։