Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի մենթալիտետում փոփոխություն է նկատել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Rustamyan-Armen2

«Օրինաց երկիրը» չի հերքում, որ քաղխորհրդի վաղվա նիստում կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը չի շտապում խոսել ՕԵԿ-ին ներկայացնող նախարարների ճակատագրի մասին: Դաշնակցությունն, ընդհակառակը, չի շտապում խոսել կոալիցիա մտնելու եւ նախարարական պորտֆելներ վերցնելու մասին: 7 կետանոց առաջարկները Սերժ Սարգսյանը դեռ ուսումնասիրում է։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լիահույս է, որ կգնահատվի ճիշտ առաջարկի էությունը եւ խորությունը. «Հույս ունեմ, որ իսկապես կհանգենք ինչ-որ մի եզրակացության»: Արմեն Ռուստամյանը նորմալ է վերաբերվում Սերժ Սարգսյանի հետ տարվող բանակցություններին: Քաղաքական ուժեր կան, որոնք չեն ուզում բանակցել, Դաշնակցությունը նրանց հետ համաձայն չէ: Իսկ ու՞ր մնաց ամբողջական իշխանափոխությունը. «Լավ, Սերժ Սարգսյանը հեռացավ, ենթադրենք, մյուսն ո՞վ է, որ գալու է, երաշխավորելու է, որ նույնը չի կրկնվելու»: Պարոն Ռուստամյանը հիշեցնում է` երեք նախագահ է փոխվել, երեքն էլ ղեկավարել են նույն սկզբունքներով ու գործելաոճով: Անձերի փոփոխությանը դաշնակցականները չեն հավատում, Դաշնակցությունն ուզում է իշխանության էությունը փոխել, մի՞ թե դա չէ մյուս ընդդիմադիր ուժերի ուզածը. «Տեսեք, էնտեղ կետեր կան, որոնք ապակենտրոնացնում են իշխանությունը։ Ընտրական համակարգը պետք է էնպիսին լինի, որ ընտրություններն իրական դառնան»: Իշխանություններին, պարոն Ռուստամյանը գիտի, Դաշնակցության 7 կետերի մի մասը ձեռք չի տալիս, բայց ինչու դա ձեռք չի տալիս ընդդիմադիր մյուս ուժերին՝ ինքը չգիտի. «Եվ էդ պարագայում ինչո՞վ են տարբերվում ներկա իշխանություններից»: Ի դեպ, պարոն Ռուստամյանը վստահեցրեց՝ Սերժ Սարգսյանի հետ իրենք պաշտոնների մասին չեն խոսել, միայն ծրագրերից: Քանի չգիտենք, թե ինչ է իշխանության ուզածը, պաշտոնների մասին խոսելն ավելորդ է. «Խնդիր չունենք ինքնանպատակ մտնել կոալիցիա: Եթե էդպես լիներ, կոալիցիայից դուրս չէինք գա: Կոալիցիայի մեջ էինք էլի»: Պարոն Ռուստամյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկումները համարում է հուսադրող, նրա մենթալիտետում փոփոխություն են նկատել. «Մոտեցումների մեջ, հայացքների մեջ, իրավիճակն է փոխվել, կարծում եմ սրանք ամենալավ դաշտն են ստեղծում, որպեսզի կառուցողական լինեն բանակցությունները»: