Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի ափին ապրելը կարող է դառնալ վտանգավոր կյանքի համար

Հասարակություն
041508150339

Սևանա լճից ջրի բացթողումների ավելացման և լճում արհեստական ձկնաբուծարանների ստեղծման կառավարությանը ծրագրերն ամենամեծ հարվածներն են, որ երբևիցե կհասցվեն Սեւան լճին: Այս կարծիքին էին ապրիլի 14-ին Սևան քաղաքում անցկացված կլոր սեղանի մասնակիցները: Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատեց «Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը, որով մինչեւ 2023թ-ը տարեկան Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով կաճեցվի 50 հազար տոննա իշխան, ինչի համար էլ 50 հազար տոննա ազոտ եւ ֆոսֆոր պարունակող արհեստական կեր կլցվի լիճ: Հիմնվելու է 74 ձկնաբուծական տնտեսություն: Մյուս ծրագիրն էլ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որը ներկայացված է ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը: Օրինագծով առաջարկվում է Սեւանա լճից ջրի բացթողումները 5 տարով ավելացնել` 170 միլիոն խորանարդ մետրից հասցնելով 240 միլիոն խորանարդ մետրի: Սևանի բնակիչ, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյան. «Ձկան պաշարներն այսօր էլ հնարավոր է վերականգնել, եթե ոլորտին հատկացվող ֆինանսական ռեսուրսները ճիշտ կառավարվեն: Այն մանրաձուկը, որը աճեցվում է և լցվում է լիճ, իրականում լցվի լիճ, ոչ թե ընդամենը փողեր գրեն, ցույց տան, ձև անեն և այդ գումարները լվանան, ուտեն: …Հիմա մեզ սպառնում է շատ հզոր մի խնդիր. ջրի մակարդակն իջեցնում են, ավելացնում են ջրի բացթողումների ծավալները, դրա հետ մեկտեղ սարքում են արհեստական գործարաններ, եղած ջուրն էլ աղտոտում են: Եթե մենք հիմա չառնենք այս երկու նախագծերի դեմը, ավելի լավ է հենց այսօրվանից մեր իրերը հավաքենք, որովհետև Սևանի ափին ապրելն արդեն դառնում է վտանգավոր կյանքի և առողջության համար…Սևանը մի քանի տարվա ընթացքում ճահճանալու է, ինչպես 7 տարվա ընթացքում ցամաքեց Արարատյան դաշտի արտեզյան ավազանը: Ինչո՞ւ ցամաքեց այդ ավազանը. կառավարության, Ազգային Ժողովի անդամներից ով որտեղ ուզեց, փորեցին հորատանցքեր, ձկնաբուծարաններ սարքեցին, ջուրը հանեցին ընդերքից և իրենց ջրավազաններով ուղղեցին Արաքս գետ, գնաց մեր երկրից այդ ջուրը, վերջացավ, չորացավ: Հիմա նույն կերպով սկսում են վարվել Սևանի հետ…: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հայտարարում է, որ ջրի դեֆիցիտ ունենք մենք, և դրա համար ջուր է պետք տանել Սևանից: Եթե մենք ջրի դեֆիցիտ ունենք, նախ և առաջ պետք է մտածենք Սևանի խնդրի մասին: Եթե ջրի դեֆիցիտ ունենք, նշանակոււմ է՝ Սևանն էլ է վտանգված: Սևանն այս տարածքի ժողովրդի եկամուտի միակ աղբյուրն է: Մարդիկ այստեղ եկել և ապրում են ջրի և ձկան համար, վերջին տարիներին էլ նաև տուրիզմի գոտի է դարձել: Բացի այդ, չմոռանանք, որ Սևանն ամռանն իր մեջ հսկայական էներգիա է կուտակում, որը ձմռանը տալիս է այս տարածքին և բավականին մեղմում է այս տարածքի ցրտաշունչ կլիման: Մի ամիս Երևանում ցուրտ եղավ, տեսաք` ինչպես էին բոլորը խառնվել իրար: Այս տարածքի ժողովուրդը 9 ամիս ջեռուցում է, որ կարողանա ապրի: …Սևանը բարձրացել է բնության հաշվին, կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չի արել: «Արփա-Սևան» թունելը փակ է և չի գործում, չի գործելու մինչև 2017 թվականը: Դրա հետ մեկտեղ 2008, 2012 թվականներին կրկին կառավարությունը որոշում ընդունեց և 1 տարով ջրբացթողումների ծավալը ավելացրեց: Այդ երկու անգամը մեկ տարով փորձեց, ոչ ոք ձայն չբարձրացրեց, հիմա որոշեցին բացթողումներ անեն միանգամից 5 տարով և Սևանի մասին օրենքում փոփոխություններ անեն: …Սևանա լճից ջրբացթողումների ծավալը ավելացրեցին 2008 և 2012 թթ-ին: Դրանք նախընտրական տարիներ էին, այսինքն` ջուրը չէին բաց թողնում, որպեսզի ափամերձ տարածքները չմնան ջրի տակ, այլ այդ ջուրը վաճառում էին և այդ գումարով ընտրակաշառքներ տալիս: Այլ մանրամասներ՝ էկոլուրի կայքում