Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն քառյակից դուրս չի գալու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e858d74ff45e28428264cf58dd43eedf

Պատգամավորական մանդատից հրաժարվելու ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի դիմումը խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի սեղանին է։ «Դավիթ Քոչարյանը պարզապես չի ցանկանում լինել պատգամավոր»,- մեկնաբանում է տիկին Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանին հայտնի չեն այն շարժառիթները, որոնց պատճառով պատգամավորը հրաժարվել է մեծամասնական մանդատից: Ինքը հիմա Հայաստանում չէ, կգա՝ կպարզեն: Բոլոր դեպքերում այս պահին Դավիթ Քոչարյանից այլ դիմում չկա. «Կուսակցությունից հեռանալու, կուսակցական մանդատը վայր դնելու, ես նման տեղեկատվություն, նման ցանկություն Դավիթի կողմից չեմ լսել»: Նաիրա Զոհրաբյանն, իհարկե, իր պատկերացումներն ունի, թե ինչու Դավիթ Քոչարյանը չի ցանկանում լինել Ազգային ժողովի պատգամավոր: Բայց այնպես չէ, որ խմբակցության կորուստը մեծ է լինելու. «Ինքը էդպես ակտիվ օրենսդիր, անկեղծ լինենք, առանձնապես չի եղել»: Խմբակցության քարտուղարը բացառեց, որ Դավիթ Քոչարյանի քայլը խմբակցությունը իշխանությունների կողմից պառակտելու դրսեւորում է. «Եթե նման սցենար լիներ, ապա նրանք կանեին էնպես, որ Դավիթ Քոչարյանը դուրս գար խմբակցությունից եւ մնար անկախ պատգամավոր»: Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ քառյակի առաջիկա ծրագրերից: Շուտով կլինի քառյակի հաջորդ նիստը: Ինքը չի կարող խոսել քառյակի մյուս ուժերի քառյակում մնալ-չմնալու ցանկության մասին. «Մեկ բանում վստահ եմ, որ ԲՀԿ-ն երբեք չի արել, չի անում եւ չի անելու քայլեր, որոնք պառակտելու են քառյակի միասնությունը»: