Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե գիտության մեջ զրո է, ինչպե՞ս է խորհուրդ ղեկավարում»

Տնտեսություն
Harutyun-Karapetyan1

Ինչո՞ւ էր լռում ԳԱԱ-ն, երբ նույնիսկ պաշտոնական վիճակագրական տվյալները ցույց էին տալիս,որ տնտեսությունը անկում է ապրում։ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ամեն հինգշաբթի մասնակցում է Կառավարության նիստերին, բայց լրագրողները չեն հիշում դեպք, որ տնտեսությանը վերաբերող քննարկումներում նա ներկայացներ գիտական աշխարհի տեսակետը։ Ինչո՞ւ կառույցի 63 ակադեմիկոսներից ու 61 թղթակից անդամներից որեւէ մեկը ԳԱԱ նախագահի միջոցով չփորձեց կառավարությանը փոխանցել տնտեսության վերաբերյալ իր մտահոգությունը, այն էլ այն դեպքում երբ, ըստ իրենց ներկայացման, ունենք համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի տնտեսագետ ակադեմիկոսներ։ Բաժակաճառով ակադեմիկոս դարձածից ինչո՞ւ եք սկզբունքայնություն ակնկալում՝ հարցին հարցով է պատասխանում «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի» նախագահ Հարություն Կարապետյանը։ «Ժողովրդին թվում է՝ գիտության էլիտան է այնտեղ հավաքված, բայց այնտեղ մարդիկ կան, ովքեր գիտության հետ ընդհանրապես կապ չունեն, պարզապես ակադեմիկոսի տիտղոս ունեն ու վճար են ստանում»,- ասում է նա։ Հիմնադրամի նախագահը հիշեցնում է հենց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերը, թե տվյալ գիտնականի օգտակար գործունեությունը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով նրա դերը հասարակության մեջ, զբաղեցրած պաշտոնները, ստացած պարգեւները. «Գիտական արդյունքների մասին ոչ մի խոսք»։ Նա նշեց, որ այդ մասին շատ վաղուց էր հայտնի գիտական հանրությանը, բայց Ռադիկ Մարտիրոսյանը խիզախություն ունեցավ հայտարարելու այդ մասին բացեիբաց։ Արդյունքում էլ՝ գիտական աստիճաններ են ստանում չինովնիկներ, որոնք, ըստ մեր զրուցակցի, գիտության հետ բացարձակապես կապ չունեն։ Պարոն Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի գիտությունը թեեւ միջին դիրքերում է , սակայն որակապես չի համապատասխանում միջազգային չափանիշներին՝ հենց այնպես գիտական աստիճաններ ստացողների շնորհիվ։ «2007թ.–ին եմ «Web of Science» եւ «Scopus» տեղեկատվական շտեմարաններով միաժամանակ հետազոտություն են իրականացրել պարզելու համար հայկական գիտական «էլիտան» ներկայացնողներից, այսինքն՝ԳԱԱ անդամներն ու ոլորտի չինովնիկներից ո՞վ ո՞վ է՝ միջազգային գիտական չափորոշիչներով։ Այդ հետազոտության արդյունքները շատ խոսուն են։ Չհաշված որոշ բացառությունները, հիմնականում կրտսեր գիտաշխատողի մակարդակ ունեն մեր ԳԱԱ անդամներն իրենց գիտական արդյունքով, նույնիսկ Հայաստանի մասշտաբով։ Կան անուններ, որոնց վարկանիշը զրո է, կան նաև այնպիսի «համաշխարհային ճանաչում» ունեցողներ, որոնց անունները, պարզապես, բացակայում են»։ «Գիտությունների ազգային ակադեմիան եթե իր դիրքերում լիներ, գիտության վիճակն ավելի լավ կլիներ»,- ասում է Հարություն Կարապետյանը՝ ներկայիս վիճակը մեկ բառով բնութագրելով՝ բարդակ։ Իսկ բարդակում գործում են ստվերային շուկայի օրենքները. «Նիստուկացը որոշում է ԳԱԱ Նախագահությունը։ Բազար է գնում, թե ինչ մասնագիտությամբ ակադեմիկոսներ պետք է ընտրվեն, գրվում են մասնագիտություններ՝ կոնկրետ մարդկանց նկատի ունենալով։ Նույնիսկ այնպիսի մասնագիտություններ, որոնք աշխարհում չես գտնի։ Դիսերտացիայի վերնագիրը կարող են գրել որպես մասնագիտություն»։ «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի» նախագահը պնդում է՝ ԳԱԱ-ն պետք է լուծարվի։ Պետբյուջեից ակադեմիային հատկացվող գումարները նա համարում է վատնված։ «Եթե օգուտ չի տալիս գիտության համակարգին, ինչի՞ համար պահել։ Գումարներն անարդյունավետ են օգտագործվում»,- ընդգծում է նա՝ ավելորդ համարելով աշխատանքի արդյունքով բացարձակապես չպայմանավորված, թեկուզև գիտական աստիճան կամ տիտղոս ունեցողներին աշխատավարձ ու պատվովճար տալը, ԳԱԱ նախագահությանը պատկանող շենքի պահպանման ծախսերը։ Նա պնդում է, որ այդ գումարները պետք է հատկացվեն գիտաշխատողներին,որոնք ավելի մեծ օգուտ կտան ոլորտին։ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ։ Հարություն Կարապետյանը վստահեցնում է՝ Նախագահությունից երբեւիցե չեն հետաքրքրվում, թե այդ հաստատություններում ինչ են անում եւ ընդհանրապես. «Ինստիտուտները իրենց բյուջեում են տապակվում»։ Ըստ Հարություն Կարապետյանի՝ ակնհայտ է, որ իշխանություններին ձեռնտու են գիտության հետ կապ չունեցող ակադեմիկոսները. առիթի դեպքում նրանք ծափ կտան՝ այն էլ հոտնկայս, անհրաժեշտության դեպքում իշխանական տեսակետը կներկայացնեն որպես մտավորականության կոչ։ Բայց «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի» նախագահը հույսը չի կորցնում, որ գիտական ոլորտում երբեւիցե փոփոխություններ կլինեն։ Նա սկսում է նոր հետազոտություն՝ պարզելու՝ գիտական տեսակետից ինչ վարկանիշ ունեն այն ամսագրերի գլխավոր խմբագրերը, որտեղ տպագրվածը ԲՈՀ-ն համարում է ընդունելի կամ, թե շատ ավելի հետաքրքիր է իմանալ մասնագիտական խորհուրդների նախագահների վարկանիշները։ «Կտեսնեք՝ 80 տոկոսը զրո են։ Եվ եթե այդ մարդը գիտության մեջ զրո է, ամսագիր է խմբագրում կամ մասնագիտական խորհուրդ ղեկավարում, որը հետո եւ թեկնածու է դարձնում, եւ դոկտոր, եւ ակադեմիկոս,այդ աբսուրդ է, չէ՞»,- հավելում է Հարություն Կարապետյանը։