Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 22-ին

Մշակույթ
482df81e874d9da095f522c117ec78f6

«Վարպետաց քաղաքը» կրկին հայտնվեց անվանի արվեստի գործիչների ու երաժիշտ-կատարողների ուշադրության կենտրոնում: Մեկնարկել է 2007 թվականից Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը, որը տարեց-տարի ընդլայնում է իր աշխարհագրությունը: Փառատոնի մտահղացման հեղինակ ու նախաձեռնող, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի փաստմամբ՝ այս տարի հանդես կգան 2700 մասնակից 33 երկրից: Ժյուրիի կազմում անվանի երաժշիտներ են, մասնավորապես Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Լեւ Եվգրաֆովը, Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանտվարգը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան: Մինչ փառատոնի հանդիսավոր բացումը, որը տրվեց Գյումրու Դրամատիկական թատրոնում ապրիլին 12-ին, արդեն ընթանում էին մրցութային փուլերի լսումները: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 22-ին, իսկ փառատոնը կշարունակվի մինչ դեկտեմբեր: Մրցույթն անցկացվելու է 14 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000-ական ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները կստանան 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մեդալներ, դիպլոմներ, «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչում: Ձեռք բերելով միջազգային ճանաչում և հեղինակություն՝ «Վերածնունդ» փառատոնը շնորհալի երիտասարդ երաժիշտ-կատարողների հայտնաբերման շնորհակալ գործում, անշուշտ իր մեծ ավանդն ունի, սակայն թերևս անգնահատելի է որպես Գյումրու մշակութային զարթոնքի ևս մեկ ապացույց: Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է քարորդ դարից ավելի: Սակայն յուրաքանչյուր գյումրեցի չի կարող իր մտքից, հոգուց և սրտից ջնջել աղետալի արհավիրքի հիշողությունները: Եվ ինչպես նշեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զուրաբ Սոտկիլավան «Վերածնունդը» Գյումրուն, թերևս, ամենակարևորը հոգի է տալիս՝ ապրելու, դիմակայելու։