Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2004թ. ապրիլի 12-ի գիշերը... անցել է ուղիղ 10 տարի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ff1

2003 թվականի նախագահի ընտրությունների պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները, չհամակերպվելով հրապարակված արդյունքների հետ, հանրահավաքային հզոր շարժում սկսեցին: Ընդդիմության ձեւավորված միասնական շտաբը, որին հաջողվել էր համախմբել 16 կուսակցությունների, շարունակեց պայքարը ոչ միայն ամենօրյա հանրահավաքների, նստացույցերի միջոցով, այլեւ դատական կարգով վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները: Ստեփան Դեմիրճյանը դիմեց Սահմանադրական դատարան, որը կայացրեց բավականին անորոշ որոշում. մերժեց Դեմիրճյանի հայցը, բայց առաջարկեց խորհրդարանին Հանրաքվեի մասին օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանն ու մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Մեկ տարով գործընթացը սառեցնելու Սահմանադրական դատարանի փորձը հաջողություն չունեցավ: Այդ ընթացքում հանրահավաքային շարժումը նոր թափ էր ստանում եւ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հոծ բազմությունը պահանջեց հանրահավաքի կազմակերպիչներին բարձրանալ Բաղրամյան պողոտա: Տեսնելով, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց ճնշելն անհնար է՝ ոստիկանությունն անցավ հարձակման տարբեր ուղղություներով: Ապրիլի 12-ին, ուղիղ 10 տարի առաջ այս օրը, իշխանությունն իր ներուժն օգտագործեց սեփական ժողովրդի ընդվզումը ոչ միայն ճնշելու, այլեւ ոչնչացնելու համար: Մահակներով ու վահաններով զինված ոստիկանները ցուցարարներին շրջափակեցին բառի բուն իմաստով։ Ծեծի էին ենթարկվում անգամ նրանք, ովքեր փորձում էին ծածուկ հեռանալ Բաղրամյան պողոտայից: Մահակավոր ջոկատը Բաղրամյան պողոտա դուրս եկավ ԱԺ-ի շենքի բակից: Այսինքն, այն շենքը, որ պետք է պաշտպաներ ընտրողներին, պատսպարել էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն նախապատրաստող ջոկատայիններին: Այդ օրը ծեծի ենթարկվեցին ոչ միայն խաղաղ ցուցարարներն, ալեւ պատգամավորներ, իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներ, կոտրեցին հեռուստաընկերությունների տեսախցիկները: Հետո պաշտպանության նախախարար Սերժ Սարգսյանը պիտի ասեր` մեջքներիդ լրագրող գրեք, որ տարբերվեք: Այս դեպքերից հետո մեկուսարաններում հայտնվեցին ավելի քան 500 քաղաքացիներ, մարդիկ , ովքեր հաշվի առնելով իրենց սահմանադրական իրավունքները, թռուցիկ էին փակցրել, պաստառ կամ դրոշ պահել ձեռքում , ելույթ ունեցել: «Այն , ինչ կատարվեց ապրիլի տասներկուսին, հանցագործություն էր հայ ժողովրդի հանդեպ եւ պատասխան են տալու բոլորը»,-հայտարարեց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Ոչ ոք կատարողներից, առավելեւս կազմակերպիչներից պատասխան չտվեց: 2004 -ի ապրիլի 12 -ը մարտի 1 ի նախերգանքն էր: Անցել է ուղիղ 10 տարի