ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը, որը նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։ Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձման Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների համատեղ գործողությանը։ Նախքան գործողության իրականացումը՝ անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի գրասենյակը։ Հիշեցնենք՝ խոսքը Արսեն Խոջոյանի վերադարձի մասին է, ով մարտի 7-ին պատահմամբ հատել էր սահմանը։