«ՀԱԿ-ը համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ». Տ. Կարապետյան (տեսանյութ)
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ վարչապետ կդառնա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Վարչապետին հանելը ձիու քայլ էր, եւ ձեռք է տալիս թե Սերժ Սարգսյանին եւ թե քառյակին: Քառյակը վարչապետի հրաժարականը կվերագրի իրեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Կարապետյանը: Նրա խոսքերով` Հովիկ Աբրահամյանը միշտ երազել է վարչապետի պաշտոնը ստանալ: Իսկ ո՞ւմ կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում՝ չի կարող ասել, սակայն ավելի շատ նախընտրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով որեւէ պաշտոն չի ունեցել: Մեր կառավարության ներկայացուցիչներից ամենաշատը հավանում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նրա խոսքերով` նման ազնիվ մարդիկ կառավարությունում քիչ են: Նա կարող է դառնալ վարչապետ, չնայած Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ վարչապետը լուրջ տնտեսագիտական գիտելիքներ պետք է ունենա: Վարչապետի պաշտոնում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին, սակայն, չի տեսնում. «Ինչ լավ ֆանտազիա ունեք»,- Բագրատյանի հնարավոր թեկնածության մասին հարցին ի պատասխան ասաց Տիգրան Կարապետյանը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Կարապետիչը չի տեսնում նախագահի պաշտոնում. «Ինքը այդքան չկա»: Իսկ որտե՞ղ է տեսնում. «Ջհանդամը՝ որտեղ եմ տեսնում»: Տիգրան Կարապետյանը պատրաստվելու է 2018 թ. նախագահի ընտրություններին: Վերջինս այսօր եւս մեկ անգամ շեշտեց, որ ինքը Սերժ Սարգսյանի մարդը չէ: «Եթե Սերժի մարդը լինեի, գոնե հեռուստաընկերություն կունենայի: Իսկ ՀԱԿ-ը համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ, բա ո՞նց են մտել խորհրդարան»,- եզրափակեց նա: