ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակայինի վիճարկվող դրույթները
Սահմանադրական դատարանը հենց նոր հակասահմանադրական և անվավեր ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները։ ՍԴ որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Վճռի ընթերցումը տևեց 1,5 ժամ։ ՍԴ որոշումն ուժի մեջ մտավ հրապարակման պահից։Բայց համակարգը կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Որոշումն առաջիկա օրերին ամբողջությամբ կտեղադրվի ՍԴ կայքում և կուղարկվի օրենքով նախատեսված սուբյեկտներին. Վճռի ընթերցումից հետո դահլիճում հավաքվածներից ոմանք ծափահարեցին, սակայն Գագիկ Հարությունյանն ասաց՝ չի կարելի։ Ընթերցելով ՍԴ վճիռը՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ օրենքները պետք է չհակասեն Սահմանադրությանը և ՍԴ որոշումներին։ Մինչ այս կատարված կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկի։ Հիշեցնենք, որ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունների՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր քաղաքացի իր անվանական (ոչ փաստացի) աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր պետք է փոխանցի մասնավոր հիմնադրամների՝ ծերության ժամանակ կուտակած գումարը հետ ստանալու համար։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում այս փոփոխություններն առաջացրին հանրության լայն շրջանակների, հատկապես բարձր աշխատավարձ ստացողների խիստ դժգոհությունը, ձևավորվեց «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, անցկացվեցին բողոքի բազմաթիվ ակցիաներ։ Խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները դիմեցին ՍԴ-ին՝ պարզելու օրենքի, հատկապես կենսաթոշակը կուտակելու պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։ ՍԴ-ում պատասխանող կողմին ներկայացնում էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։