Օմբուդսմենը` քաղաքապետարանի բազմաթիվ թերացումների մասին
Մեքենաների կայանատեղերի խնդրահարույց համակարգ, ինքնակամ շինարարության դաշտում կոռուպցիոն ռիսկեր, կիսաքանդ փողոցներ... Օմբուդսմենը Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ թերացումների մասին Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները • Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր: • Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել: • Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի բարձրացման բավարար հիմքերը և հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը: • Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել էր լուրջ թերացումներով, ինչպես օրինակ՝ անձինք 1 ժամից պակաս կայանելիս ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև չէին կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ: • Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն հաճախ կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական փողոցները՝ չնայած դրանց բարեկարգ վիճակին: • Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար: • Հաշվի չառնելով քաղաքաշինական նորմերի պահանջները, ինչպես նաև Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համար մի շարք բացասական հետևանքները, օրինակ՝ հարակից շենքերի լուսավորության էական նվազումը, տարածքի ծառերի հատումը և այլն, Քաղաքապետարանը, այնուամենայնիվ, թույլատրել էր այդ տարածքում շինարարությունը: • Քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես չի լուսավորվել և չի ցանկապատվել այգու շրջակայքը, ինչպես նաև չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին: • Անմատչելի է եղել մի շարք շինություններ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը չափազանց բարձր է եղել: • Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար: Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ: Արձանագրված դրական զարգացումներ • Ճանապարհային խցանումները նվազեցնելու նպատակով շահագործման է հանձնվել Ուլնեցու և Ռուբինյանց փողոցները միացնող ճանապարհը, ավարտման փուլին են հասել Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցի հետ կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, շահագործման են հանձնվել 4 վերգետնյա անցումներ: • «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թվով 16 բուժհաստատության տրամադրվել է 44 անուն բուժսարքավորում` փոխարինելով մաշված և արդեն անպետք սարքավորումները: • Մայրաքաղաքի փողոցներում և բանուկ մասերում կառուցվել է 80 թեքահարթակ, թվով 293 թեքահարթակ է կառուցվել նաև ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ իրականացված փողոցներում: Պաշտպանի աշխատակազմ