Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապամոնտաժվում են կրպակներ. Փոխհատուցում չեն խոստանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
krpak11

Կորյունի 10 հասցեում այս պահին կրպակներ են ապամոնտաժում, որոնք, ըստ կրպակատերերի՝ օրինական են կառուցված, քաղաքապետարանի հետ ունեն համապատասխան պայմանագիր դեռ 2008 թ-ից։ Սակայն երբ պայմանագրի վավերացումը թարմացնելու համար կրպակատերերը գնացել են քաղաքապետարան, այստեղ ասել են, որ պետք է բոլոր կրպակներն ապամոնտաժվեն։ Այս պահին կրպակատերերը հետեւում են, թե ինչպես է ջարդուփշուր արվում իրենց եկամտի աղբյուրը։ Կրպակներից մեկը օպտիկա է եղել, մյուսը՝ սննդի կետ, երրորդը՝ պատճենահանման կետ եւ այլն։ Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, քաղաքապետարանի աշխատակիցները չեն պատասխանում լրագրողների հարցերին, ցույց չեն տալիս համապատասխան որոշումը, ըստ որի իրականացվում է գործողությունը. նրանք խորհուրդ են տալիս դիմել լրատվության բաժին։ Ի դեպ, կրպակատերերն այս հարցով ավելի վաղ դիմել են դատարան, և մայիսի 5-ին պետք է կայանար դատական նիստը, իսկ քաղաքապետարանը չի սպասել դատավարությանը։ Բացի այդ, որեւէ փոխհատուցում կրպակատերերին չեն խոստանում։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտնեց. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների համատեղ ուժերով ապամոնտաժվել են Կորյունի 10 և Տերյան 72 հասցեներում` Բժշկական ուսումնարանի հարևանությամբ գտնվող առևտրային տաղավարները։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից, ապամոնտաժված 2 ոչ հիմնական շինություններով ծանրաբեռնված հողամասերի օգտագործման համար գույքային իրավունքի որևէ գրանցում չի եղել և, ըստ էության, այդ հողամասերն օգտագործվել  են ապօրինի։ Քանդման ենթակա 2 տաղավարները Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա են։ Դրանք վարձակալական իրավունքով նախկինում տրամադրվել են քաղաքացիներին։ Վարձակալության ժամկետներն ավարտվել են դեռևս 2009 թվականին։ Ի դեպ, պատասխանատուները վստահեցնում են, որ տաղավարներն օգտագործողները բազմիցս իրազեկվել են ապամոնտաժման աշխատանքների մասին։ Տաղավարների քանդման և Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի ազատման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա։ Քանդման ենթակա կրպակներից մեկի մասով ապամոնտաժման և գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել  դեռևս 2012 թվականին՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Հարկ է նշել, որ ապամոնտաժման ենթակա վերոնշյալ բոլոր շինությունների քանդման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի գործողությունները սահամանափակող դատական որևէ ակտ փաստացի առկա չէ։ Ի դեպ, այս նույն տարածքում ապօրինի զբաղեցված ևս 1 տաղավար ավելի վաղ ապամոնտաժվել էր հենց օգտագործողի կողմից։ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների կողմից նմանօրինակ տաղավարների ապամոնտաժման  գործընթացը շարունակական է։