Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուդոլֆ Խառատյանից ազատվելու համար Օպերայում ստորագրահավաք է (տեսանյութ)

Հասարակություն
Xaratyan

Արդեն մեկ շաբաթ է՝ Օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը թատրոն ոտք չի դնում: Պատճառը՝ ստեղծված մթնոլորտն ու ընթացող խմորումներ են։ «Ստեղծագործական խմբի հետ պրոբլեմներ կան, բայց կարծում եմ՝ նրա գալուց հետո ամեն ինչ կհարթվի, ամեն ինչ իր հունով կգնա»,- «Ա1+»-ին հայտնեց Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Գրիգորյանը։ Մինչ պարոն Խառատյանը կորոշի՝ վերադառնում է, թե ոչ, թատրոնում քննարկում են ստեղծված իրավիճակի պատճառները: Պարոն Խառատյանը գլխավոր բալետմայստերի պաշտոնը զբաղեցնում է 2009թ-ից։ Այս չորս տարիների ընթացքում նա դասականին զուգահեռ նաեւ ժամանակակից բալետ է ցանկացել ներկայացնել հայ հանդիսատեսին։ Կարծում է՝ հենց դա դուր չի գալիս մեր բալետի պարողներին. «Մենք ախպերով, դրսի փողոցային կեցվածքով արվեստ չենք կարող ստեղծել։ Ասում են՝ էս ով ա եկել ա, ուզում ա մեզ մեր արմատներից, մեր փողոցի ձեւից կտրի։ Սա եմ ուզում իմ երեխեքին բացատրել, որ դրսում ինչ տեմպերով են առաջ գնում, մենք ուշանում ենք։ Օրինակ՝ Ամստերդամից զույգ պետք է գար՝ մարտի 24-ին ներկայացման մասնակցելու համար։ Նրանք չեկան, մեղավորը մեր պարողներն են»։ Պարոն Խառատյանի խոսքով՝ պարողներին նաեւ դուր չի գալիս մարզումների հետ կապված իր խստությունը. «20 օրով մարզվելու չեն գալիս։ Առանց մարզելու մկանը ես չեմ կարող նրանցից պահանջել այն, ինչ կատարվում է աշխարհում»,-ասաց բալետմայստերը։ Խստապահանջ բալետմայստերից ազատվելու համար հայտնի մեթոդներ են կիրառվում: «Եկեք սրան ստորագրություններ հավաքենք ու սպանենք, գցենք դուրս։ Գերգիեւին էլ այդպես արեցին, ստորագրություն հավաքեցին ու ասեցին, որ դու մեզ պետք չես, դու պրոֆեսիոնալ չես։ Վերջին շրջանում շատ ստորագրություններ են հավաքում, որ ես պրոֆեսիոնալ չեմ»,-նշեց Ռուդոլֆ Խառատյանը։ Թե Օպերային թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարը, եւ թե գլխավոր բալետմայստերը կարծում են, որ ստեղծված իրավիճակը կփոխվի միայն նոր տնօրենի ընտրությամբ։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 4-ին: Առաջադրվել է 9 թեկնածու։ Իսկ մինչ այդ՝ Օպերային թատրոնում փորձերը շարունակվում են առանց գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի։