Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք կռիվ ենք տալիս մեր հողի վրա մեր տեղը հաստատելու համար

Հասարակություն
Ani_nkar11

«Հայաստանում տեղական արտադրողների համար պայմաններ չկան։ Մենք կռիվ ենք տալիս մեր հողի վրա մեր տեղը հաստատելու համար»,- այսպես է կարծում «Արմենո կարպետ» ՓԲԸ արտադրամասի պետ Աշոտ Թորոսյանը։ «Արմենո կարպետ»-ը գորգերի արտադրամաս է։ Գորգերն արտադրվում են մեքենագործ տարբերակով. «Ձեռագործ տարբերակները բավական թանկ արժեն, այդ պատճառով այսօր մենք թեկուզ և մեքենագործ տարբերակով արտադրում ենք հայկական ավանդական Նուբար գորգը։ Այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում փորձում ենք վերադարձնել ազգայինը»,-շարունակեց Աշոտ Թորոսյանը։ Անգամ անզեն աչքով կարելի է տեսնել, որ հայկական շուկայում հիմնական ապրանքները ներկրված են, և տեղական արտադրողները փոքր մասն են կազմում. «Տեղական արտադրողները Էնտուզիաստներ են, որոնք փորձում են գոյատևել իրենց բիզնեսով Հայաստանում, այսօր ժողովուրդը գնում է աբստրակտ ոճի հետևից, նախընտրում են թուրքական, չինական շատ էժան ապրանք, հետո ինչ, որ մի քանի օրից ապրանքն օգտագործելու ենթակա չի լինելու»,- մտահոգություն հայտնեց Աշոտ Թորոսյանը։ Սակայն պարոն Թորոսյանը խնդիրը չի տեսնում միայն ժողովրդի մեջ, նրա կարծիքով՝ այսօր տեղական բիզնեսն անկում է ապրում ներկայիս կառավարության պատճառով. «Շատ կուզենայինք, որ մեր կառավարությունը մի քիչ ավելի քաղցր աչքով նայեր տեղական արտադրողին և միայն առավելություններ չտար ներդրողներին, որոնք կարողանում են խուսափել տարբեր տեսակի հարկերից։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Հայաստանի տնտեսությունը կամաց-կամաց մեռնի»։