Շանթ Հարությունյանը՝ ասպետ (տեսանյութ)
Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ կատարած, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր արժանացավ Դոն Կիխոտ հիմնադրամի ասպետի կոչմանը։ «Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Շանթ Հարությունյանին գնահատում է որպես իսկական հերոս, մեր ժամանակների Դոն Կիխոտ։ Նրա արարքը հանուն ազատության, արդարության, մարդկային արժանապատվության, ժամանակակից դեւերի եւ երկոտանի հողմաղացների դեմ ելած անձնուրաց, մաքուր մարդու հոգու ճիչն է»,- պատվոգիրը տալուց առաջ նշեց հիմնադրամի հիմնադիր Վարդան Վարդանյանը։ Շանթ Հարությունյանի տղան կարեւորեց այս մրցանակը՝ այն համարելով բոլոր քաղբանտարկյալների մրցանակը .«Հուսով եմ, որ բոլորը շուտով ազատ կարձակվեն, եւ կիրականացվի իրենց ազատ- անկախ Հայաստան տեսնելու ցանկությունը»։ Շահեն Հարությունյանը հորը տեսել է մի քանի օր առաջ եւ հորդոր է ստացել նրանից. «Դասերիս ուշադիր լինեմ, պարապմունքներիս գնամ եւ ընդհանրապես զգույշ լինեմ ամեն ինչից»։ Շանթ Հարությունյանը Դոն Կիխոտ հիմնադրամից այսօր 100.000 դրամի մրցանակ ստացավ, արդեն որոշվել է, թե գումարն ինչի վրա է ծախսվելու։ «Այդ գումարն ուղղվելու է քաղբանտարկյալների ընտանիքների օգնության ֆոնդին։ Մենք ունենք 15 քաղբանտարկյալ։ 14-ը՝ Շանթը եւ իր ընկերները, եւ Վոլոդյա Ավետիսյանը»,- ասաց «Շանթ եւ ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը եւ մյուս անձինք, բացի Վոլոդյա Ավետիսյանից, մեղադրվում են նոյեմբերի 5-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ այս ամիսների ընթացքում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։