«Վանական-լամայի չգալու եւ գրանցված ցրտահարության միջեւ կապ կա»
Տիբեթյան բարձրաստիճան վանական-լամա Յեշե Նյիմայի՝ Հայաստան չգալու և երկրում արձանագրված ուժեղ ցրտահարության միջև կապ կա։ Այս մասին «Ա1+»-ին ասաց «Նոր Հայաստան» ՀԿ-ի և «Տիբեթ» մտավոր, հոգևոր և հոգեբանական զարգացման կենտրոնի ղեկավար Էլեոնորա Մանանդյանը. «Եթե ինքը գար, այդքան ցրտահարություն չէր լինի»։ Հիշեցնենք, որ Յեշե Նյիման Հայաստանում պետք է լիներ մարտի 19-31-ը՝ տիբեթյան լամաների լույսն ու էներգետիկ ուժը փոխանցելու մեր երկրին։ Սակայն վերջին պահին Չինաստանում ՀՀ դեսպանատունը հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել նրան: Վանական-լաման պետք է դրականորեն ազդեր նաև Հայաստանում եղանակի, բերքատվության վրա։ Այցի կազմակերպիչ «Նոր Հայաստան» ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ Տիբեթում ամեն գարնան սկզբում վանականներն աղոթում են, որ կարկուտ չլինի։ Էլեոնորա Մանանդյանը Տիբեթից բերել է ամենաբարձր կարգի 3 լամայի կողմից առանձին-առանձին օրհնված 20 հատ թերթ։ Թերթերի վրա տիբեթերենով գրված է աղոթք, որը խնդրում է պաշտպանել տվյալ երկիրը կարկուտից։ «Եթե տեսնենք՝ օգուտ կա, մյուս տարի ավելի շատ կբերենք»,- ասաց Էլեոնորա Մանանդյանը։ Այդ թերթերից տասը ՀԿ-ի անդամներն այս 2 օրվա ընթացքում արդեն փակցրել են Արարատի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում։ Մանանդյանի խոսքով՝ իրենց խումբը մարտի 29-ին Խոր Վիրապում էր, երբ կարկուտի մի քանի հատիկ թափվեց, և երբ իրենք վանքի մոտակայքում փակցրին Տիբեթից բերված աղոթքը, կարկուտը դադարեց։ Մանանդյանը վստահեցնում է, որ ողջ խումբն է տեսել այդ հրաշքը։ Իսկ երբ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները ցանկացել են թերթը փակցնել Արագածոտնի մարզում, իմացել են, որ այդտեղ հզոր հակակարկտային կայան կա։ «Տեսնենք՝ մեր աղո՞թքն է ավելի հզոր, թե՞ հակակարկտային կայանը»,- ասաց Էլեոնորա Մանանդյանը։ Նա հավելեց, որ թեև հայ հասարակության համար ընկալելի չէ, սակայն պատմական աղբյուրները վկայում են, որ հայ եկեղեցին ևս աղոթել է բարենպաստ բնակլիմայական պայմանների համար։