Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառեր են տնկում թշնամուց պաշտպանվելու համար

Կարևոր լուրեր Քաղաքականություն
73b96583a37b891430bc361324d6373f

Այս օրերին Տավուշի մարզի Չինարի գյուղում ծառատունկ է։ Պատճառը ադրբեջանական կողմից գյուղի վրա հերթական կրակահերթն է։ «Գյուղի ճանապարհների հատվածում ծառեր ենք տնկում, որպեսզի հետագայում ծառերը մեծանան ճանապարհը փակեն և ադրբեջանական կողմից մեր գյուղը չերևա», - «Ա1+»-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դարձյալ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Մոտ երկու ժամ հակառակորդը կրակ է բացել Չինարի, Մովսես, Այգեպար և հարևան գյուղերի վրա: Վնասվել են Չինարիի  տանիքները և ապակիները: «Էնքան կրակեն՝ բիզարեն», -ասում է Չինարիի գյուղապետը և հավելում` մեր բանակն ուժեղ է, մենք չենք վախենում: Երեկ ժամը 17:00-ից մինչև 10:10 րոպեն ադրբեջանական կողմը կրակաերթի տակ է պահել նաև Այգեպար գյուղը: Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանի փոխանցմամբ` այս պահին գյուղում հանգիստ է, իսկ կրակոցներից միայն նյութական վնասներ է հասցվել գյուղին: «Դեռ մարդկանց չեմ տեսել, քնած են, երեկ բոլորը ապահովության համար մտել էին նկուղները», - նշեց Այդինյանը: Մովսեսի համայնքապետ Արարատ Ավալյանի տեղեկացմամբ էլ՝ հակառակորդը 2 ժամ գնդակոծել է գյուղը։ Բարեբախտաբար, տուժածներ և վիրավորածներ չկան, վնասը նյութական է: «Գնդակները կոտրել են տան պատուհաններ, վնասել տանիքիները, պատերը, անգամ դռներ», - ասաց Ավալյանը: