Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամիկոն Խոջոյանը մասամբ հիշում է իր հետ կատարվածը

Քաղաքականություն
մամիկոն

«Ոտքերս մի կապեք», «Ինձ մի ծեծեք»,-այս արտահայտություններն է պարբերաբար հնչեցնում մոտ մեկ ամիս առաջ գերությունից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա աղջիկը՝ Հասմիկ Խոջոյանը, նրա հայրը այլ արտահայտություններ չի անում. «Գերության մեջ եղած օրերից էլ ոչ մի բան չի հիշում, միգուցե վերջում ամեն ինչ ասի»։ Աղջկա խոսքերով՝ հայրը միայն իրեն է ճանաչում։ Միաժամանակ ուրախությամբ է նշում, որ հոր վիճակը գնալով լավանում է։ Ցավեր չունի։ Վիրահատված ձեռքն արդեն կարողանում է շարժել, սակայն երբ դուրս կգրվի հիվանդանոցից, դեռ չի կարող ասել։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին, երբ պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Իսկ մարտի 4-ին ադրբեջանական կողմը նրան հետ էր ուղարկել։ Հենց սահմանից Մամիկոն Խոջոյանին տեղափոխել էին Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ այնուհետեւ Երեւան՝ հետագա բուժումն այստեղ ստանալու համար։ Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում խոշտանգումների էր ենթարկվել։ Նրա մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր: