Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցույց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. «Քեսաբը մերն է, մենք` Քեսաբինը» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-axb6

Քեսաբի դեպքերի վերաբերյալ ՄԱԿ-ի լռությունն այսօր կրկին կառույցի հայաստանյան գրասենյակի մոտ էր հավաքել մի քանի տասնյակ քաղաքացիների: Վրդովմունքի առիթը նորից նույնն էր. «Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից համապատասխան գնահատական տալ և ստիպել Թուրքիային զերծ մնալ պատերազմի հրահրումից, հակահայկական գործողություններից։ ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել պայմաններ, որ քեսաբահայությունը վերադառնա իր բնակավայր»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, որին ի պատասխան ակցիայի մասնակիցները վանկարկեցին. «Քեսաբը մերն է, մենք՝ Քեսաբինը»։ Այսօրվա ցույցին մասնակցում էին նաև մի քանի տասնյակ քեսաբահայեր. «Մեր վրդովմունքն ենք հայտնում ի ցույց Թուրքիայի, որոնք դաշինքի մեջ մտնելով ագրեսորների հետ՝ փորձում են Քեսաբի մի փոքր օջախը վերացնել»,- ասաց նրանցից Հովսեփ Փասլիկյանը։ Ակցիայի մասնակիցներից քեսաբահայ ուսանողուհի Շողեր Մելքոնյանը 6 ամիս առաջ է եկել Հայաստան, իսկ ծնողները մնացել են Սիրիայում։ Նրա խոսքերով՝ թուրք գրոհայինները հանկարծակի են հարձակվել հայկական թաղամասի վրա. «Առավոտ կանուխ է եղել, շատ թվերով են եղել, մեր հարազատները ոչ մի բան չեն հասցրել վերցնել, միայն հոգիներն են փրկել»։ Հայաստանում հաստատված մյուս քեսաբահայերն էլ տեղեկացրին, որ իրենց հարազատները ներկայումս Լաթաքիայում են. «Նրանց վիճակը շատ վատ է, եկեղեցին է նրանց օգնում և մի քանի բարեգործական կազմակերպություններ։ Նրանց կառավարությունը շատ լավ նայում ա։ Մենք էլ ենք պատրաստ օգնել նրանց»։ Այսուհանդերձ, քեսաբահայերը վստահ են, որ մի օր կրկին կվերադառնան Սիրիա. «Քեսաբը մեզի համար դարձել էր հայրենիք, էնտեղ մեր ծննդավայրն է, բոլոր հիշողությունները»,- ասաց Շողեր Մելքոնյանը։ Այսօրվա ակցիայի ընթացքում ցուցարարները նամակ հանձնեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին, ի պատասխան կազմակերպությունից նրանց տեղեկացրին, որ նամակում արծարծված անհանգստությունները կփոխանցվեն նաև ՄԱԿ-ի ղեկավարությանը։