Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ գյուղացիների՝ թունաքիմիկատների մեծ մասն անհայտ ծագման են

Հասարակություն
tunaqimikat

Թունաքիմիկատներն իրենց չեն արդարացնում՝ ահազանգում են հողագործությամբ զբաղվող գյուղացիները։ Արարատի մարզի Խաչփար համայնքի հողագործ Ժորա Հովհաննիսյանի համար թունաքիմիկատների որակն ամենացավոտ հարցերից մեկն է։ Նա նշում է, որ թունաքիմիկատների մեծ մասն անհայտ ծագման են և անորակ։ Բույսին զանազան միջատներից պաշտպանելու համար թունաքիմիկատ է սրսկում, բայց արդյունքից գոհ չէ. «Բոյբոյի դեղ ա, ժուկի դեղ ա, սրսկում ենք, իսկի միջատին չի սատկացնում, կամ սրսկած կամ չէ՝ տարբերություն չկա» - նկատում է գյուղացին։ Նրա խոսքով՝ իրենք թանկ ու կրակ թունաքիմիկատ են գնում, սակայն օգուտ չեն ստանում, փոխարենը վաճառքի կենտրոնում պարտքեր են կուտակում. «Պարարտանյութն էլ, եթե Ռուսաստանի արտադրանք է, լավն, եթե Վրաստանից է՝ անորակ է», - ասաց խաչփարցի հողի մշակը և հավելեց՝ չէ, հիմա նորմալ բուժանյութ չկա։ Թունաքիմիկատներն իսկական գլխացավանք են դարձել հայանիստցի Սվետլանա Մակունցի համար։ Նա դժգոհում է՝ հաճախ թունաքիմիկատը նախատեսվածի փոխարեն հակառակ արդյունքն է տալիս. «Լվիճների դեմ դեղ եմ առել ու բադրջանին սրկսել, լվիճները չսատկեցին, մենակ բադրջանի թևերը չորացան», - նշեց նա։ Այն, որ թունաքիմիկատներն անզոր են պայքարելու վնասատուների դեմ, հաստատում է նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Անուշ Գալստյանը։ «Նյութ ա լինում՝ 1 մլ 30- 50 000 –ով առնում ենք, սրսկում, առնելուց չենք հասկանում ինչ ա, տալիս ենք, բայց էդքան էլ չի օգնում», - փաստում է Անուշը։ Գյուղացիների դժգոհության հետ համակարծիք չէ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Նրա փոխանցմամբ՝ Հայաստան ներմուծվող բոլոր տեսակի թունաքիմիկատները իրենց վերահսկողության տակ են գտնվում. «Ամեն տարի շուկայի թունաքիմիկատներից 600 փորձանմուշ ենք վերցնում և լաբորատոր փորձաքննության ենթարկում, թե արդյոք ժամկետն անց են, անորակ են թե ոչ»։ Նիկոյանը վստահեցնում է՝ շուկայում անորակ բուժանյութեր չկան։ Նրա խոսքով՝ մեղավորը գյուղացիներն են. նրանք հաճախ սխալ թունաքիմիկատներ են օգտագործում իրենց դաշտերում։