Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը զանգել է Պուտինին

Քաղաքականություն
266e5f03023a123173339cf734dc1663

Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Նախագահականի մամլո ծառայությունը։ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը: Նրանք  նաև քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարևորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Իսկ ՌԴ նախագահի մամլո ծառայությունը ընդամենը երեք նախադասություն է փոխանցում այս հեռախոսազրույցի  մասին։ Ըստ հաղորդագրության՝ Սարգսյանն ու Պուտինը մտքեր են փոխանակել Ղրիմի եւ Սեւաստոպոլի՝ ՌԴ-ին միանալու մասին, անդրադարձել հայ-ռուսական համագործակցությանը եւ Մաքսային միությանը անդամակցելու՝ Հայաստանի քայլերին։