Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անչափահաս իրավախախտների» կենտրոնները փակման եզրին են (տեսանյութ)

Հասարակություն
media

«Անչափահաս իրավախախտների» վերականգնողական կենտրոնները փակման եզրին են, քանի որ դրանք այլեւս չեն ֆինանսավորվում մինչ այժմ ֆինանսավորող կենտրոնից՝ ԱՄՆ ՄԶԿ-ի կողմից: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր կայացած քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ բյուջետային հայց գուցե ներկայացվի՝ հետագայում այս կենտրոնների աշխատանքը շարունակելու համար. «Այս պահին քննարկվում է օրինակ՝ Ոստիկանության կամ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության բյուջեների հաշվին շարունակել կենտրոնների գործունեությունը: Հնարավոր է, որ որոշ համայնքներ իրենց բյուջեների հաշվին շարունակեն ֆինանսավորումը, և այս կենտրոնները շարունակեն իրենց աշխատանքները: Քննարկել ենք նաև արտաբյուջետային միջոցներով ֆինանսավորել կենտրոնների աշխատանքը, սակայն այս պահին հստակ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չենք կարող տալ, թե ինչ է լինելու դրանց ճակատագիրը»,-ասաց Արամ Օրբելյանը: Յոթ տարիների ընթացքում «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոններն աշխատել են 1000 անչափահասների հետ, ինչը տվել է դրական արդյունք: Այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնների կողմից տարված աշխատանքի ընթացքում դրական արդյունքներ են արձանագրվել, ոստիկանությունը հանդիպումներ է իրականացնում շահագրգիռ անձանց հետ, որպեսզի շարունակական լինի աշխատանքը»: Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն էլ նշեց, որ նմանատիպ կենտրոնները միշտ մի օր կանգնում են ֆինանսավորման խնդրի առջև. «Աղքատ երկրի համար շատ մեծ ճոխություն է յուրաքանչյուր տիպի պրոբլեմի համար ստեղծել ծառայությունների համալիր»։