Վազգեն Խաչիկյանին կդատի երրորդ դատավորը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին հիմա էլ կդատի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին է եղել, եւ բուհն ավարտելուց հետո շարունակել են շփվել միմյանց հետ։ Գործով մյուս դատավորը՝ Մխիթար Պապոյանն էլ այլ դատարանում էր աշխատանքի անցել։ Փաստորեն այս գործով արդեն 3 դատավոր է նշանակվել։ Բացի Վազգեն Խաչիկյանից, քրեական գործով անցնում են եւս 12 անձինք, ովքեր աշխատել են տարածքային տարբեր ստորաբաժանումներում։ Նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի միջոցով կենսաթոշակառուների եւ հանգուցյալների ստորագրությունները կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափի գումար պետբյուջեից եւ թոշակառուներից հափշտակելու համար: Մասնավորապես Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է 260.956.681 ՀՀ դրամ գումար հափշտակելու մեջ։