«Դավո՛, իջի՛». «Դեմ եմ»-ը պահանջում է Ֆինանսների նախարարին
Այս պահին ընթանում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակցիան ՀՀ Ֆինանսների նախարարության շենքի դիմաց։ Հավաքվել է մի քանի հարյուր քաղաքացի, որոնք պահանջում են ֆինանսների նախարարից՝ հետեւել Սահմանադրությանը եւ հակաօրինական քայլերի չգնալ, ճնշումներ չգործադրել գործատուների վրա՝ կուտակային կենսաթոշակայինի համար պահումներ պարտադրելով, մինչեւ հարցը քննարկվի ՍԴ-ում։ Մեծ թվով ոստիկաններ, որոնք, ի դեպ, գնալով շատանում են, թույլ չեն տալիս մոտենալ նախարարության շենքին։ «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ։ Այս պահին իրավիճակը հանդարտ է։ Ժողովուրդը վանկարկում է «Ամոթ»։ «Դեմ եմ»-ի անդամները 15 րոպե ժամանակ տվեցին նախարար Դավիթ Սարգսյանին, որպեսզի իջնի ու հայտարարի, որ մինչ այս արված հայտարարությունները օրինական չեն եղել, ու ինքը զղջում է դրանց համար։