Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի գործում փոփոխություն է եղել

Քաղաքականություն
3b2cb6ee27bb56ea7b8c048b8e3b6103

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործն արդեն ուղարկվել է դատարան։ Նրա գործով դատավարությունը տեղի կունենա Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Գործը երեկ մակագրվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Բեգլարի Ավետիսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար։Սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներից, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում շոշափվում էր ոմն Հ. Զաքարյանի անունը։ Նրա թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու համար գնդապետը իբր 2000 ԱՄՆ դոլար է վերցրել: Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը «Ա1+»-ին հայտնել էր, որ նախաքննության ընթացքում առերեսում չի կատարվել տուժողի եւ Վոլոդյա Ավետիսյանի միջեւ։ Անցյալ տարվա սեպտեմբերի 20-ից գնդապետն անազատության մեջ է։ Սակայն նրա մարտական ընկերները համոզված են, որ գործը շինծու է եւ կապված է հասարակական գործունեության հետ։ Դեռ անցյալ տարվա մայիս ամսից գնդապետը բարձրաձայնում էր ազատամարտիկների ծանր սոցիալական խնդիրների մասին։