Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Իգիթյանի հասարակաց տունը կլիներ «կիրթ»

Հասարակություն
levon-igityan

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էր ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, ով ուսանողներին պատմեց իր մասին, պատասխանեց նրանց հարցերին, խոսեց այսօրվա ու նախկին Երեւանից. «Սա իմ Երեւանը չէ։ Երեւանի փողոցի խուլիգանը որակ ուներ, գիտեր, որ մայրաքաղաքային խուլիգան էր, իսկ այսօր չեմ էլ հասկանում, թե ինչ է կատարվում։ Առաջ քաղաքը միասին էր, բոլորը մեկը մեկի ցավը գիտեր»։ Լեւոն Իգիթյանը չի էլ մտահոգվում, թե ինչ լուրեր կարող են իր մասին տարածվել ու խորհուրդ է տալիս ամեն ինչին թեթեւ նայել. «Լուրեր էին տարածվել, թե ես ունեմ հասարակաց տուն, բայց նման բան չկա։ Իսկ եթե անգամ մի օր ունենամ, ապա դա կլինի «կիրթ» հասարակաց տուն, որտեղ կլինեն գեղեցիկ, արժեքավոր նկարներ, եւ դրանց կից կգործեն նաեւ հասարակաց տան ֆունկցիաները»։ Խոսելով Փակ շուկայի մասին, Լեւոն Իգիթյանն ասաց. «Երեկ ես առաջին անգամ եմ գնացել այդտեղ ու կասեմ, որ առեւտրի կենտրոնն ունի եվրոպական մակարդակ, բայց շենքը փչացրել, արժեքի հերը անիծել էր։ Մշակույթի նախարարությունը դեմ է եղել, ես դեմ եմ եղել, անողին անգամ վիրավորել եմ, բայց մարդը արեց։ Պետականորեն ինքը իրավունք է ունեցել մեկ բան. շենքի տակ ավտոկայանատեղ անել, միայն դրա իրավունքն ուներ, բայց ուրիշ բան արեց»։ Անդրադառնալով նաեւ Գառնու տաճարին կից կառուցվող սրճարանին, Պարոն Իգիթյանը համեմատություն արեց գերմանացիների հետ. «Անգամ գերմանացի օլիգարխը պատմական նշանակություն ունեցող շինությունների կողքին քյաբաբանոց չի անի, իսկ մենք տեսեք՝ ինչ ենք անում։ Ես կարծում եմ ու հույս ունեմ, որ տաճարի մոտ նման բան չի կառուցվի»։