Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կլինի Գառնու տաճարի հետ (տեսանյութ)

Հասարակություն
garni1

Գառնու տաճարը թանգարան է բաց երկնքի տակ եւ այնտեղ սրճարանի կառուցումը ավելորդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիդերի միության նախագահ Լիա Բախչինյանը: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր մարդ Հայաստան գալիս ցանկանում է տեսնել Գառնու տաճարը եւ ծանոթանալ նրա պատմությանը: Սակայն սրճարանի կառուցման դեպքում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվելու: Իսկ Գառնու տաճար այցելող երեխաներին, նրա խոսքերով, թվալու է, թե տաճար այցելելու են մի բաժակ ջուր կամ հյութ խմելու՝ առանց հասկանալու նրա մշակութային արժեքը: Ի դեպ, այսօրվա ասուլիսին հրավիրված էր նաեւ Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը, սակայն երեկոյան հեռախոսազանգով տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել մարզպետարանում, եւ պատասխանը նրան գոհացրել է. առանց մարզպետարանի թույլտվության որեւէ աշխատանք չի կարող կատարվել տաճարի տարածքում: Գիդերի միության նախագահը հիշեցնում է, որ ըստ նախատեսված ծրագրի Գառնիում զբոսաշրջիկներին քառասուն րոպեից ավել չեն տրամադրում: «Մի վայրկյան ժամանակ չունեն, որ կանգնեն եւ սուրճ խմեն։ Իսկ եթե այնուամենայնիվ խմեն, աղմուկը կխանգարի մյուս զբոսաշրջիկներին»,- ասաց նա: Վերջինս հույս ունի, որ տարածքի շինարարությունը կդադարեցվի, եւ պատկան բոլոր մարմիններին կոչ է անում հետեւողական լինել: