Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետ է կանչվել հղիների համավճարի որոշումը. Հղիները չեն հավատում (տեսանյութ)

Հասարակություն
hxiner-5

Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ հետ է կանչել որոշումը։ Որոշման համաձայն, հղիների բուժօգնության համար օրական պետք է վճարվեր 5 հազար դրամ։ Որոշումը կայացնելուց հետո ստեղծվեց «Ձեռքներդ հեռու պահիր հղիների գրպանից» ֆեյսբուքյան խումբ, որի ներկայացուցիչներն այսօր Առողջապահության նախարարության դիմաց որոշել էին ակցիա իրականացնել։ Սակայն նրանց հայտնեցին, որ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նրանց հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը։ Վահան Պողոսյանը նշեց, որ նախարարը որոշումը կայացրել էր՝ համակարգում առկա ստվերը վերացնելու համար։ «Մեր երկրում ծննդօգնությունը անվճար է։ Այդ համավճարը չէին վճարելու սոցիալապես անապահով խավի հղիները։ Որոշումը հետ է կանչվել, քանի որ պետք է հստակեցվեն մեխանիզմները, որից հետո չեմ կարող ասել՝ կկիրառվի՞ որոշումը, թե ոչ»,-նշեց փոխնախարար Վահան Պողոսյանը։ Իսկ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ որոշումը երբեք չի կիրառվի։ Հղիները նշեցին, որ իրենք բավարարված չեն առողջապահության նախարարության մեկնաբանություններից, չեն հավատում, թե համավճարը չի կիրառվի և պայքարը շարունակելու են, թե ինչ միջոցներով՝ դեռ չեն որոշել։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները տեղեկացրին նաեւ, որ մինչեւ հուլիսի մեկը հետաձգվել է պոլիկլինիկաներում յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար վճարվող գումարների մասին որոշումը։ Ըստ այս որոշման՝ քաղաքացիները պետք է վճարեին 500-1000 դրամ եթե, իհարկե, սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերում ընդգրկված չեն: Որոշումը ուժի մեջ պետք է մտներ մարտի մեկից։